«Toyota Camry» -ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել Սևանա լճի մեջ
SocietyՀուլիսի 26-ին, ժամը 02։22-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Ե․, ծնված 2003 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել ճանապարհի աջակողմյան հատվածում՝ Սևանա լճի մեջ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ս․ Ե․-ն (ծնված 1976 թ.) և Է․ Ե․-ն (ծնված 2007 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Սևանի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է կայուն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վերամբարձ կռունկի օգնությամբ ուղղել ավտոմեքենան և հանել ճանապարհի երթևեկելի հատված։