Արցախին տրվող փողը Դուք Ձեր գրպանից չեք տվել. Ռուբեն Վարդանյանի կոշտ պատասխանը Փաշինյանին
Analysis«Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» համակարգող, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել Արտյոմ Երկանյանին և չափազանց կոշտ շեշտադրումներով խոսել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Ըստ Վարդանյանի՝ Հայաստանի վարչապետն իրավունք չունի իր ասուլիսի ժամանակ խոսել, թե որքան չի սիրում Արցախը, որքան հուսահատված կամ ջղայնացած է, թե Արցախում ինչ է կատարվում։ Ըստ Վարդանյանի՝ դա անընդունելի է այս իրավիճակում։ «Մենք վտանգի առաջ ենք, եթե դու վարչապետ ես Հայաստանի, որը նաև պատասխանատու է Արցախի համար, դու պետք է ամեն ինչ անես միասին պայքարենք, որ Արցախը մնա հայկական, ոչ թե ասես եկեք հանձնենք Արցախը, որովհետև ուրիշ տարբերակ չկա, դրանք առաջնորդի խոսքեր չեն», - ասել է Ռուբեն Վարդանյանը։
Փաստելով, որ Փաշինյանը ճիշտ չէ, երբ ասում է՝ մարդ չկա Ստեփանակերտում և կանայք են միայն մնացել, Վարդանյանը նշել է. «Եթե Ձեր կինը բունկերից դուրս գար պատերազմի ժամանակ, կիմանար, թե ինչքան կին կար Ստեփանակերտում, եթե դուք ուզենայիք իմանալ իրականում ինչ է կատարվում Արցախում, ապա կիմանայիք ինչքան մարդ է եղել Արցախում և կռվել մինչև վերջ։ Պետք չէ բաժանել արցախցիների և հայաստանցիների, ով ինչ բարբառով է խոսում և որտեղ է ապրում, մենք բոլորս հիմա պետք է միասին պայքարենք, Դուք եք պարտական ապահովել հայկականությունը Հայաստանի և Արցախի, որովհետև Դուք եք ղեկավարը, դա Ձեր պարտականությունն է, ուրիշի վրա գցել պետք չէ»,- նշել է նախկին պետնախարարը։
Վարդանյանի խոսքով՝ «Մենք չենք կարող խաղաղ ապրել, երբ ասում ենք, որ բոլոր տղամարդիկ դասալիք են, կանայք՝ աներջանիկ, Արարատ սարը մերը չէ, հիմնը պետք է փոխել, եկեղեցին վատն է, Արցախը մերը չէ»։ «Պարոն վարչապե՛տ, Արցախին տրվող փողը Դուք Ձեր գրպանից չեք տվել, եթե թիվ եք ասում, ասեք նաև թե ինչքան բան է ստացել Հայաստանն Արցախից, Դուք իրավունք չունեք հաշվարկներ անել, 5 տարվա մեջ կարող էիք կազմակերպել, որ էֆեկտիվ լիներ, թափանցիկ լիներ, որ փողերը ճիշտ օգտագործվեին, դա գնահատական է Ձեզ, որպես ղեկավարի, հայրենիքը գին չունի», - նշել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» համակարգողը։
Անահիտ Սարատիկյան