Ինչպես են ադրբեջանցի զինծառայողներն առևանգել Վագիֆ Խաչատրյանին․ Արման Թաթոյանը հանդիպել է նրա դստերը
SocietyՔիչ առաջ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Ադրբեջանի կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դստեր՝ Վերա Խաչատրյանի հետ։
Հանդիպման ընթացքում զրուցել են նաև նրա մյուս դստեր հետ, որը հոր հետ միասին եղել է Հակարիի «անցակետում»։
Բոլոր փաստերը հաստատում են, որ Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի առաջադրած մեղադրանքները բացարձակ կեղծ են, հորինված։
Նախ, Հակարի կամրջի մոտ ադրբեջանական իբր բժշկական հագուստով անձանց ներկայությունը բացարձակ կեղծ (ֆիկտիվ) է։ Իրականում, որևէ բժշկական հետազոտություն տեղի չի ունենում. որպես բուժաշխատող ներկայացող անձինք ընդամենը ձևական 1-2 հարց են տվել շտապ վիրահատության հանձնարարականով Հայաստան ուղեգրված 68-ամյա քաղաքացուն։
Դրանից բացի, «անցակետում» այդ ամբողջ գործընթացը վերահսկվում է ադրբեջանական զինված ծառայողների կողմից։ Նրանք են պացիենտին հանձնարարել մոտենալ ադրբեջանական, այսպես կոչված, բուժանձնակազմին։ Դրանից հետո, նրանք պահանջել են քաղաքացուն տեղափոխել այլ վայր` այսպես կոչված, շտաբ հարցազրույցի։
Երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները և Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Ինգա Խաչատրյանը պահանջել են բացատրություններ և հարցազրույցը տեղում իրականացնել ու փորձել են կանխել նրա տեղափոխումը, ադրբեջանական զինված ծառայողները սպառնացել են ուժ գործադրել դստեր և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից մեկի նկատմամբ։