Ես ձեզ մի գաղտնիք կասեմ. «Աուդիտ» կոչվող փաստաթուղթ ենք պատրաստել. Փաշինյան
InterviewԽաղաղություն ոչ միայն կարող է, այլ պետք է լինի, դա է իմ մոտեցումը, դա է իմ համոզմունքը և հավատը: Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բայց որպեսզի դա տեղի ունենա, նաև կարևոր է, որ միջազգային հանրությունը շատ որոշակի նյուանսներից տեղյակ լինի, որպեսզի հասկանալի լինի, իսկ ինչո՞ւ առաջընթացը բավարար տեմպով չէ»,- նշել է նա:
«Ես կարող եմ սկսել նախավերջին մեր բրյուսելյան հանդիպումից, երբ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ մենք Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվեցինք, ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց 29 800 քմ Հայաստանի դեպքում և 86 600 քմ տարածքային ամբողջականությունը, որից հետո Շառլ Միշելը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, որից հետո, երբ Հայաստանի լրագրողներն ինձ հարցրին դրա մասին, ես հրապարակային հաստատեցի այդ փաստը: Մինչև այս պահն Ադրբեջանի նախագահը հրապարակային չի հաստատել այդ պայմանավորվածությունը: Ճիշտ է՝ չի էլ հերքել: Սա մի նրբություն է, որը որոշակի լրացուցիչ վստահության պակաս է ստեղծում»,- հավելել է Փաշինյանը:
Ըստ նրա՝ կա պայմանավորվածություն, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության մասին՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում: Այդ երկխոսությունը նույնպես մինչև այս պահը տեղի չի ունեցել․ «Բայց մենք պետք է հետևողականորեն աշխատենք: Ոչ մեկ չի խոստացել, որ հեշտ է լինելու խաղաղության հասնելը: Եթե հեշտ լիներ, վաղուց հաստատված կլիներ խաղաղություն»:
Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական ջանքերի մասին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ ընդհանրապես միջնորդության «առավելությունները վաղուց և բոլորին հայտնի են, բայց բոլոր միջնորդություններն էլ ունեն որոշակի թերություններ»:
«Ամեն միջնորդություն ունի իր յուրահատուկ թերությունը, և եթե թույլ կտաք, ես կխոսեմ թերության մասին:
Օրինակ, տեսեք, բրյուսելյան հարթակի առումով մենք տեսնում ենք հետևյալ խնդիրը, և այն շարունակական է, որ մենք սեղանի շուրջ պայմանավորվում ենք, որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերում Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ և վկայությամբ: Եվ եթե կողմերից որևէ մեկն այդ պայմանավորվածությունները չի հասցեագրում, չի իրականացնում, դրան չեն հետևում նույնիսկ կոնկրետ գնահատականներ: Ես Ձեզ կարող եմ բերել կոնկրետ օրինակ՝ իմ ներկայությամբ Ադրբեջանի նախագահը Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ դեռևս անցյալ տարեվերջին խոստացել է, պարտավորվել, որ առաջիկա մի շաբաթից 15 օրվա ընթացքում, դա դեռ անցյալ տարի է եղել, ազատ կարձակվեն 10 գերիներ: Մինչև հիմա այդ պարտավորությունը չի կատարվել: Բայց մյուս կողմից՝ ես ենթադրում եմ, որ արդյունավետ միջնորդությունն այն է, երբ պայմանավորվածությունների չկատարման պարագայում նաև որոշակի առնվազն քաղաքական վերաբերմունք է ձևավորվում այդ պարտավորությունը չկատարողի նկատմամբ: Օրինակ՝ բրյուսելյան հարթակում մենք դա չենք տեսնում, և ես անընդհատ այս հարցը բարձրացրել եմ:
Ես Ձեզ գաղտնիք կարող եմ բացել՝ մենք նույնիսկ ունենք պատրաստած մի փաստաթուղթ, որի անունը դրել ենք աուդիտ, որտեղ թվարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք բրյուսելյան հարթակում ձեռք են բերվել, բայց հետագայում չեն իրականացվել: Ահագին հաստ փաթեթ է ստացվել, ինչը մտահոգիչ է»,- ասել է նա:
Ըստ Փաշինյանի՝ Բրյուսելը հետամուտ չի լինում բանակցությունների ընթացքում կողմերից մեկի թերությունների վերացմանը։
Euronews – Արդյոք կարծո՞ւմ եք՝ այն փաստը, որ Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները և Եվրոպան, առավել մեծ դերակատարություն են ստանձնել այստեղ, դա զայրացրե՞լ է ավանդաբար տարածաշրջանային տերությանը՝ Ռուսաստանին, թե՞ հակառակը, այն փաստը, որ Ռուսաստանը լծված է ուկրաինական հարցով, տարածություն է տվել այլ դերակատարներին գալ և փորձել օգնել ձեզ և Ադրբեջանին գտնել ընդհանուր եզրեր։
Նա ասել է, որ բանակցությունների հետ կապված «աշխարհաքաղաքական խանդի որոշակի տեսարանների ականատես ենք լինում»:
«Բայց ես նաև ուրախությամբ պետք է նկատեմ, ընդ որում՝ տարբեր կողմերից, ոչ միայն մի կողմից, այլ տարբեր կողմերից, այդպիսի երևույթներ նկատվել են պարբերաբար, որ կարծես թե, արդեն այլևս որոշակի շեշտադրումների փոփոխություններ կան: Եվ այդ փոփոխությունը հետևյալն է. մենք տարբեր կողմերից լսում ենք հայտարարություններ, որ ցանկացած հարթակ, որը բարենպաստ կլինի խաղաղության գործընթացի համար, իրենք դա ողջունում են և կողջունեն: Եվ սա շատ կարևոր է:
Ընդ որում, ուզում եմ հիշեցնել, որ այդ տեսարաններն իրականում մեզ հետ ուղիղ չեն կապված, որովհետև գիտեք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն էր գործում, որը ստեղծված էր Լեռնային Ղարաբաղի խնդրի հասցեագրման համար, բայց 2022 թվականի ուղիղ փետրվարի 24-ից համանախագահները փաստացի ֆիզիկապես դադարեցրին իրենց շփումները: Նրանց մի մասը որոշեց, որ չի ուզում շփվել մյուս մասի հետ: Եվ այդտեղ առաջացավ նման խնդիր: Իրականում Ձեր նշած որոշակի, կամ իմ անվանած աշխարհաքաղաքական խանդի ժանրն ի հայտ եկավ այդ ամսաթվից հետո, որովհետև մինչև այդ, ըստ էության, նման ժանր չկար: Բայց մյուս կողմից իհարկե առավել արդյունավետ կլինի, եթե միջազգային գործընկերները մեկտեղեն իրենց ջանքերը: Վերջերս կան նշաններ, որ նրանք, այնուամենայնիվ, այս տրամաբանության նկատմամբ՝ երկրորդ տրամաբանության նկատմամբ, որոշակի հետաքրքրություն ցուցաբերում են»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը: