«20 դատավոր իմ նկատմամբ ապօրինություն է արել». քաղաքացու ակցիան՝ դատավորների ժողովի վայրում
SocietyԳյուղական բնակավայրում ստոմատոլոգիական ծառայություններ մատուցած բժիշկ Գուրգեն Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 4-ին բողոքի ակցիա է իրականացրել Դատավորների ընդհանուր ժողովի վայրում:
Նա ներկայացրեց իր բողոքը՝ նշելով, որ ինքը գյուղական բնակավայրի իր տանը ստոմատոլոգիական ծառայություններ է մատուցել չունենալով վայրի լիցենզիա եւ գրանցված չլինելով հարկային մարմիններում:
«Այդ երկու շարքային խախտման համար, որի համար պատասխանատվության ենթարկելու իրավասությունը պատկանում է հարկային մարմնին, ինձ մոտ եկել են ոչ ավել, ոչ պակաս ԱԱԾ քննչական դեպարտամենտի ներկայացուցիչները Երեւանից: Բնակարանի խուզարկությամբ, առգրավմամբ եւ կաբինետի վրա կալանք դնելով իմ գլխին գործ են սարքել: 2020-ի հուլիսին ինձ այդ գործով հայտարարել են մեղադրյալ: Միաժամանակ, առանց այդ գործը կարճելու, ինձ մոտ ուղարկել են ՊԵԿ-ի ներկայացուցիչներին, որոնք իմ նկատմամբ վարչական ակտ են կայացրել: Աշխարհում ոչ մի տեղ, այդ թվում Հայաստանում քրգործի առկայության պայմաններում վարչական վարույթ չեն հարուցում նույն արարքի համար:
Ես ստիպված դիմել եմ վարչական դատարան, որտեղ դատավոր Ռոբերտ Մակեյանը վարչական ակտերը թողել է ուժի մեջ: Ես այդ որոշումը բողոքարկել եմ վերաքննիչ դատարան, որը եւս որոշումը թողել է ուժի մեջ»,-ասաց նա:
Գուրգեն Սարգսյանը հայտնեց, որ ինքը բողոքում է նաեւ, որ իր քրգործը ընդհանուր իրավասության դատարանից տեղափոխել են հակակոռուպցիոն դատարան:
«3 տարի այս գործը ձգձգվում է եւ այդ ընթացքում 20 դատավոր իմ նկատմամբ հանդես է բերել ապօրինություն,այսինքն կայացրել են ակնհայտ անարդար որոշում»,-ընդգծեց նա: