Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 12:45-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Մեծ Պարնիի վարչական տարածքում, ճակատ ճակատի բախվել են Shevrolet Cruze եւ Vaz 21-04 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել հերթապահությունից հրշեջ-փրկարարական ջոկատ մեկնող Սպիտակի հրշեջ-փրկարարներն ու օպերատիվորեն ժամանած Սպիտակի բժշկական կենտրոնի շտապօգնության հերթապահ խումբը, տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Բժիշկները, մինչեւ հիվանդանոց տեղափոխելը, առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին: Ականատես քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը, ով վթարի հետ կապ չի ունեցել, նույնպես վատացել է, և նրան ևս Սպիտակի բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, սակայն քաղաքացին հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց՝ ասելով, թե Շիրակամուտում եմ ապրում, արդեն լավ է զգացողությունս, կարգավորեցիք, կգնամ տուն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանն ու Ոստիկանության Սպիտակի բաժնի պետ Սերգեյ Մալաքյանը:
Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները, փակել 04-ի գազաբալոնը եւ վիրավորներին պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Օպերատիվորեն ժամանել են նաեւ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի եւ վաշտի հրամանատարի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել եւ ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկները:
Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, մահացածը 04-ի վարորդն է:
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։