Բացե՛ք Լաչինի ճանապարհը․ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը դիմում է միջազգային հանրությանը
International newsՀայտնի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը դիմել է միջազգային հանրությանը, հասարակական կազմակերպություններին և ՄԱԿ-ին գործադրել բոլոր ջանքերը Լաչինի միջանցքը ապաշրջափակելու համար։ Հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Իր ուղերձում հայտնի բռնցքամարտիկը գրել է․
«2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է ծանր հումանիտար ճգնաժամ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով:
Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհն է: 120.000 անմեղ քաղաքացիական բնակչությունը պայքարում է գոյատևման համար՝ սննդամթերքի, դեղորայքի և այլ կենսական անհրաժեշտության պարագաների բացակայության պայմաններում: 30.000 երեխա, 20.000 տարեց, 9.000 հաշմանդամություն ունեցող անձ և 2000 հղի կին օգնության կոչ են անում, սակայն աշխարհը լռում է: Մարդկանց սովի մատնելու դառը իրականությունը մարդասիրական աղետ է, որը պահանջում է անհապաղ գործողություններ:
Կոչ եմ անում Միավորված Ազգերի Կազմակերպությանը և քաղաքակիրթ աշխարհին միջամտել: Բացե՛ք Լաչինի ճանապարհը:
Ձեր՝ Արթուր Աբրահամ»: