Ո՞վ կգլխավորի քրեակատարողական ծառայությունը
AnalysisՔրեակատարողական ծառայությունն առաջիկայում նոր պետ կունենա։ Օրերս Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ էր արել ծառայության պետ Սերգեյ Ատոմյանին, որը մինչ հեղափոխությունը եղել է Արմավիրի մարզային քննչական վարչության, ապա Արարատի մարզային քննչական վարչության քննիչ։ 2019 թվականին դարձել է Ազգային ժողովի պատգամավոր, իսկ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Արարատի մարզպետի տեղակալն է։ 2021 թվականին Փաշինյանը նրան նշանակել էր քրեակատարողական ծառայության պետ, շնորհել արդարադատության գեներալ-մայորի կոչում՝ կարծելով, թե իր թիմակից Ատոմյանը կկարողանա խելքի բերել քրեակատարողական ծառայությունը և լուրջ բարեփոխումներ իրականացնել։
Ինչպես ավելի վաղ նշել էինք, Փաշինյանը և հատկապես արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը չափազանց դժգոհ են եղել Ատոմյանի աշխատանքից, վերջինիս օրոք քրեակատարողական ծառայությունում ծաղկել է թմրանյութերի տարածումը, իսկ հարցերը շարունակել են լուծել քրեական հեղինակությունները։ Ատոմյանի ջանքերով գրեթե ոչինչ չի արվել քրեակատարողական ծառայության մակարդակը բարձրացնելու համար։ Ի վերջո տևական դժգոհություններից հետո Փաշինյանը որոշել է հեռացնել Ատոմյանին, իսկ նրա փոխարեն պրոֆեսիոնալ և ոլորտին քաջատեղյակ անձի նշանակել։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ ծառայության պետի պաշտոնում կարող է նշանակվել նախկին հատուկ նշանակության բաժնի պետ, այլընտրանքային պատիժների բաժնի պետ, պրոբացիայի ծառայության պետ Լևոն Ավետիսյանը։ Վերջինս՝ ներկայումս Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի խորհրդի նախագահն է և տարիներ շարունակ ծառայելով հասել էր մինչև գնդապետի կոչման։ Ներկայումս հենց նրա թեկնածությունն է համարվում ամենահիմնականը քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում։
Վարդան Խաչիկյան