Այն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում. Ռուբեն Վարդանյան
AnalysisԱյն, ինչ այս օրերին կատարվում է Արցախում, դրսում ապրողների համար անհավատալի է թվում։ Արցախի անվտանգության և զարգացման ճակատի համակարգող, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել շվեյցարական հեռուստածրագրին և նրա խոսքով՝ իր հարցազրույցի ընթացքում հաղորդավարները մի քանի անգամ ճշտող հարցեր էին տալիս Արցախի իրավիճակի մասին ու, երբ նորից ու նորից լսում էին պատասխանը, դա համարում էին խելագարվելու աստիճան անհավանական 21-րդ դարում։ «Իսկ իրականությունն այն է, որ Արցախը շարունակում է լիակատար պաշարված մնալ ողջ աշխարհի աչքի առջև և, կրելով անմարդկային զրկանքներ, պայքարում է իր հողում ապրելու իրավունքի համար, իսկ Ադրբեջանի բռնապետը միջազգային հեռուստաալիքներով հպարտ հոխորտում է ու փորձում մոլորեցնել աշխարհին»,- փաստում է Ռուբեն Վարդանյանը։
Հեռուստածրագրին, որ ցուցադրվում է բազմաթիվ երկրներում և բազմամիլիոն լսարան ունի, Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է իրական պատկերը։ Օրեր առաջ հրապարակված հարցազրույցից հետո ոչ միայն ոչինչ չի փոխվել, այլ իրավիճակն Արցախում ավելի է ծանրացել և հնչող հարցերն ու պատասխաները ցավոք շարունակում են ակտուալ մնալ։ Միջազգային հանրությունը, նշենք, չափազանց ուշադիր է Ուկրաինայի հարցում, սակայն նույնը չենք կարող ասել Արցախի վերաբերյալ։ Ըստ էության, քաղաքակիրթ մարդկության աչքի առջև, այսօր Արցախի 120 հազար բնակիչներ դատապարտված են ցեղասպանության և էթնիկ զտումների, իսկ հումանիտար իրավիճակը չափազանց ծանր է դարձել, և միայն Արցախից հնչող ողջամիտ ձայների իրավիճակի հստակ նկարագրության դեպքում միջազգային հանրությունն ի վերջո կգիտակցի, թե ինչ է այսօր կատարվում աշխարհում, ուստի և դժվար է թերագնահատել Արցախի նախկին պետնախարարի այս ակտիվությունը։
Անժելա Մանուկյան