Եվրոպան «արևային հեղափոխության» շեմին
EconomicsԵվրոպան արևային էներգիայի շնորհիվ ցանկանում է ոչ միայն հաղթահարել էներգետիկ ճգնաժամը, այլ նաև պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ։ Դրված խնդիրն իրականացնելու համար մինչև 2030 թվականը 55 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, Եվրամիությունը խաղադրույք է դնում արևային էներգիայի վրա։ Մայրցամաքում ամենուրեք, որտեղ հնարավոր է տեղադրում են արևային վահանակներ, ֆոտոէլեկտրական էլեկտրակայաններ կառուցում։
«Ember» վերլուծական կենտրոնի տվյալներով 2021 թվականին արևից ստանում էին եվրամիության ողջ էլեկտրաէներգիայի ընդամենը 6 տոկոսը, այժմ կախված, թե ռուս-ուկրաինական պատերազմով, թե այլ խնդիրներով, արևային էներգիան հանդիսանում է ամենաարագ զարգացող և վերականգնվող էներգիայի աղբյուրը հին աշխարհում։
Այս տարվա ընթացքում արևային նախագծերը կգերազանցեն իրենց հզորություններով էներգետիկների ամենահամարձակ կանխատեսումները։ 2022 թվականի ամռանը Եվրոպայում արդեն արտադրվում էր ողջ էլեկտրաէներգիայի 12 տոկոսը։ Հաշվարկել են, որ արևային էներգիայի օգտագործումն օգնել է եվրամիությանն արդյունահանվող վառելիքի գնումների վրա տնտեսել մինչև 29 միլիարդ եվրո և դա միայն ամռան վերջին տվյալներով։
Համեմատության համար, 2021 թվականին ԱՄՆ-ում արևային էներգիային բաժին էր հասնում արտադրվող ամբողջ էներգիայի ընդամենը 3 տոկոսը։ Միաժամանակ ամերիկացիները ևս ցանկանում են հետ չմնալ եվրոպացիներից և կրկին ընդունում են արևային էներգետիկայի զարգացման ծրագիրը՝ դրա համար պետական լրջագույն միջոցներ ձեռնարկելով։
Բազմաթիվ փորձագետներ այն ինչ կատարվում է Եվրոպայում արևային էներգիայի ոլորտում, բնութագրում են ընդամենը մեկ բառով՝ «արևային համաճարակ»։ Նույնիսկ աշխարհի առաջատար և զարգացած երկրներն են հասկանում արևային էներգիայի արդյունավետությունը, մատչելիությունը և անհրաժեշտությունը։
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»:
Գրետա Սարգսյան