Ուժն ու գերազանցությունը ցույց տալու յուրատեսակ մարզաձև. «Փաստ»
Lifestyle
«Փաստ» օրաթերթը գրում է
Բազկամարտը՝ արմռեսլինգը, ձեռքերով ուժային մարտի, մենամարտի տեսակ է։ Չնայած իր ժողովրդականությանը, այդ մարզաձևի կանոնավոր մրցաշարերի ու առաջնությունների անցկացմանը, այն դեռևս ներառված չէ Օլիմպիական խաղերի ծրագրում, թեև լիովին համապատասխանում է դրա պահանջներին։ Բազկամարտը հայտնվել է հին ժամանակներում։ Որոշ աղբյուրների համաձայն, «զենքերով կռիվը» կարող էր ծագել բռունցքներով կռվից, որը հաճախ էր լինում ինչպես անգլիացի ասպետների, այնպես էլ սովորական քաղաքացիների միջև: Բազկամարտի առաջացումը սովորական քաղաքացիների միջև տեղի ունեցող մարտերից ամենահավանական տարբերակն է համարվում, քանի որ Անգլիայում այդ մենամարտերը հաճախ տեղի էին ունենում նեղ փողոցներում, որտեղ լիարժեք բռունցքով պայքարելը գրեթե անհնար էր։
Ուստի տղամարդիկ, ովքեր որոշել էին պարզել, թե ով է ավելի ուժեղ, ստիպված էին դիմել բռնցքամարտի այլընտրանքային տարբերակին՝ բազկամարտին, որը, ի դեպ, ոչ պակաս դիտարժան է սեփական ուժն ու գերազանցությունը ցույց տալու համար։ Բազկամարտը նաև վիկինգների շրջանում է մեծ ճանաչում գտել: 17-րդ դարից սկսած բազկամարտով սկսել են զբաղվել ամենուր՝ Հունաստանից մինչև Հյուսիսային Եվրոպա և Ռուսաստան: Բայց, չնայած իր այդ ժողովրդականությանը, բազկամարտը որպես սպորտաձև պաշտոնապես ճանաչվել է միայն 1950-1960ական թվականներին։ Ամեն ինչ սկսվել է 1952 թվականին ԱՄՆ-ում, երբ լրագրող Բիլ Սոբերանեսը Պետալումո քաղաքում կազմակերպել է բազկամարտի առաջին պաշտոնական մրցույթը։ Այդ մրցաշարը, որն անցկացվել է տեղի բարում, այնքան է սիրվել հանրության կողմից, որ դարձել է պարբերաբար տեղի ունեցող իրադարձություն։
Ուժային զվարճանքի սիրահարների թիվը սկսել է անշեղորեն աճել, և 1961 թվականին Բիլ Սոբերանեսը հիմնել է բազկամարտի առաջին մարզական կազմակերպությունը, իսկ 1962 թվականին կազմակերպվել է այդ մարզաձևի առաջին միջազգային առաջնությունը։ Այդ մրցաշարը դարձել է բազկամարտի՝ որպես սպորտաձև «ներկայանալու» մեկնարկային կետ, իսկ կազմակերպիչը պարգևատրվել է բրոնզե հուշարձանով։ 1962 թվականի առաջնությունից հետո բազկամարտը սկսել է լայն ժողովրդականություն ձեռք բերել, մի քանի տարվա ընթացքում այն տարածվել է նախ՝ առանձին նահանգներում, իսկ հետո՝ ամբողջ երկրով մեկ:
1969 թվականից սկսած ամերիկյան ABC հեռուստաընկերությունը ստանձնել է բազկամարտի մրցումների հեռարձակումը և 16 տարվա ընթացքում կարողացել է գովազդել այդ սպորտաձևը ողջ աշխարհում։ ԽՍՀՄ-ում բազկամարտը ժողովրդականություն է ձեռք բերել շատ ավելի ուշ՝ 1989 թվականին, երբ Մոսկվայում անց է կացվել այդ մարզաձևի առաջին մրցաշարը։ Դրան մասնակցել են խորհրդային, ամերիկյան և կանադական թիմերը։ Ներկայում Հայաստանում ևս ակտիվ զարգանում է այդ մարզաձևը, գործում է բազկամարտի ֆեդերացիա, մեր մարզիկները բավական հաջողություններ են արձանագրում նաև միջազգային մրցումներում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում