«Մրգօղին կարող է դառնալ Հայաստանի բրենդներից մեկը». «Սեպտեմբերֆեստ» փառատոնը հրավիրում է Կողբ. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
Սեպտեմբերի 23-ին տեղի կունենա «Սեպտեմբերֆեստ» մրգօղու փառատոնը, որի նախաձեռնողներն առաջարկում են այդ օրը ոչինչ չպլանավորել և ճանապարհ ընկնել դեպի Տավուշի մարզ՝ Կողբ գյուղ, հրաշալի ու հետաքրքիր ժամանակ անցկացնելու: Փառատոնի կազմակերպիչ Կարեն Քոչարյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ այն նոր չէ, սակայն երկու անգամ հետաձգվել է, վերջին անգամ նախորդ տարի՝ Ջերմուկի դեպքերից հետո: «Սեպտեմբերֆեստը», նրա խոսքով, մյուս փառատոններից տարբերվում է առաջին հերթին նրանով, որ Երևանում չի անցկացվում, այլ՝ սահմանամերձ մարզում: «Սա մեծ ուշադրություն է դեպի սահմանամերձ գոտի: Հետաքրքիր է նաև այնքանով, որ Կողբը սահմանամերձ է Ադրբեջանին և Վրաստանին:
Երկրորդը՝ մրգօղին կարող է դառնալ Հայաստանի բրենդներից մեկը: Այն այսօր տարբեր անուններով առկա է աշխարհի տարբեր երկրների ռեստորաններում, սրճարաններում և այլուր: Բավականին պոպուլ յար է դառնում, այդ թվում՝ ոչ միայն որպես առանձին խմիչք, այլ օգտագործվում է կոկտեյլների մեջ: Հայաստանը շատ երկրներից առանձնանում է նրանով, որ հատկապես Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերում և Արցախում շատ տարբեր մրգերից ու հատապտուղներից են օղի ստանում»: Իսկ տեսականին, իրոք բազմազան է՝ հոն, խաղող, թութ, վայրի տանձ, ազնվամորի, մոշ:
Ցանկը կարելի է շարունակել: Փառատոնի ընթացքում մասնակից կդառնաք ազգային խաղերի, կվայելեք հաճելի երաժշտություն, հյուրերին իրենց աշխատանքներն են ներկայացնելու այդ տարածաշրջանի մշակութային դպրոցների սաները՝ կավե աշխատանքներ, քանդակներ, նկարներ և այլն: Քոչարյանն ընդգծում է՝ ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս սպասում են մեծ թվով մասնակիցների և հյուրերի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում