Գործնականում՝ մենակ. «Փաստ»
Society«Փաստ» օրաթերթը գրում է.
Հանցագործ Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի է սեղմում Արցախի պաշարման օղակը: Հայաստանի իշխանություններն էլ շարունակում են մի կողմից խոսել այն մասին, որ Ադրբեջանը ցեղասպանություն իրականացնելու բացահայտ նպատակներ է դրսևորում, բայց միաժամանակ հայտարարում են, թե... շարունակում են «խաղաղության օրակարգը», ինչ-որ «խաղաղության պայմանագրի» առաջարկություններ են փոխանցում նույն Ադրբեջանին, խոսում են հանդիպումներն ու բանակցությունները շարունակելու մասին: Ալիևին այդ երկդիմի վիճակն, ըստ երևույթին, է՛լ ավելի է ոգևորում, ինչպես ոգևորեց Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախը «ադրբեջանական տարածք» հռչակելը, ինչից հետո ադրբեջանական կողմը էլ ավելի ուժեղացրեց Արցախի շրջափակումը՝ գործնականում անցնելով տոտալ պաշարման:
Մյուս կողմից՝ ադրբեջանական ոճրագործ իշխանությունը՝ Ալիևի գլխավորությամբ, նաև քարոզչա-քաղաքական ճնշումներին է նոր երանգներ հաղորդում: Մասնավորապես, խոսքը այն բացառիկ ցինիզմով ներծծված ալիևյան «խորամանկության» մասին է, որը վերաբերում է Ակնա (Աղդամ) -Ստեփանակերտ ճանապարհին և այդ ճանապարհով Ադրբեջանի կողմից Արցախ իբրև թե «մարդասիրական բեռ»՝ 40 տոննա ալ յուր ուղարկելու սադրանքին: Ալիևը ձգտում է Գորիս-Բերձոր (Լաչին)-Ստեփանակերտ ճանապարհին ու այն բացելու պահանջներին հակադրել, այդ ճանապարհի բացումը հակակշռել Ակնա (Աղդամ) – Ստեփանակերտ ճանապարհին: Կարելի է ասել՝ «կյանքի ճանապարհին» հակադրում է «մահվան ճանապարհը»:
Գործնականում կռահելի է, որ Ակնայի կողմից ճանապարհ ստանալը Ալիևին պետք է Արցախ ներթափանցելու և, այսպես ասենք, իբր «անարյուն» այն գրավելու նպատակով: Կամ էլ՝ Արցախի դեմ ռազմական ագրեսիայի ծավալման համար մի նոր սադրանք հրահրելու հաշվարկով: Այս բոլոր զարգացումները, հավելենք, տեղի են ունենում մի իրավիճակում, երբ Արցախում բավականին սուր են դրված ոչ միայն կենսապահովման, պարենի, այլև ներքաղաքական՝ մեղմ ասած տարօրինակ հարցերը: Մյուս կողմից՝ արցախցիները, որ տոկունության ու վճռականության դասեր են տալիս շատերին, չնայած ամեն ինչին՝ թշնամական պաշարմանը, սովին, պարենի ու դեղորայքի ծայրահեղ սղությանը, սոցիալական ու կենցաղային համատարած դժվարություններին, տեղի չեն տալիս ու դիմակայում են ցեղասպան թշնամուն:
Գործնականում՝ մենակ: Գործնականում՝ Հայաստանի իշխանության կողմից ուրացված վիճակում: Եվ նախօրեին, երբ Ալիևի մահաբեր «հումանիտար օգնության» բեռնատարները պիտի շարժվեին Ակնա (Աղդամ) – Ստեփանակերտ ճանապարհով, օրինակ՝ ասկերանցի Հերմինե Խաչատրյանն իր համարձակությամբ ու վճռականությամբ ապացուցեց, որ մարտադաշտում մեկն էլ զինվոր է, եթե ունի կամք և անշեղ նպատակ, գիտե՝ ի՛նչ է անում և հանուն ինչի՛: Արցախցի հայուհին մեն-մենակ ելավ այդ ճանապարհ ու հայտարարեց, որ ոչ մի գնով թույլ չի տա, որ ադրբեջանական բեռնատարներն անցնեն այդ ճանապարհով: Երեկոյան արդեն հարյուրավոր հայեր, հիմնականում, հասկանալի է՝ Ասկերանից ու մերձակա շեներից, կենդանի արգելապատնեշով փակել էին ճանապարհը:
Թե ինչ զարգացումներ կլինեն, դեպքերը հատկապես որ սցենարով կծավալվեն, տակավին հնարավոր չէ հստակ կանխատեսել: Բայց մեկ բան պարզ է. ժողովուրդը, որը չի ուզում անձնատուր լինել թշնամու ողորմածությանը, ժողովուրդը, որը միասնական է ու անկոտրում, վաղ թե ուշ հասնելու է իր նպատակին: Մնում է պարզապես վերհիշել սեփական արդյունավետ փորձը, միավորվել ու համախմբվել այն ուժի կամ այն գործիչների շուրջ, որոնք չեն ընկրկի ու իրենց անձը ցածր կդասեն ընդհանուր նպատակից և չեն վախենա ճակատագրական պահին ստանձնել այդ ծանրագույն պատասխանատվության բեռը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում