Երեք խնդիր խաղաղապահների մասով, ըստ Ռուբեն Վարդանյանի
Analysis«Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» համակարգող, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կարծիքով, երեք խնդիր կա ռուս խաղաղապահների Կովկասյան տարածաշրջանում գտնվելու հետ։ Տելեգրամյան ալիքով ուղիղ եթերում նախկին պետնախարարը պատասխանել է խաղաղապահների մասին հարցերին, նկատել, թե առաջին և ամենադժվար խնդիրն այն է, որ երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ որ մի փաստաթուղթ ստորագրվեց, սովորաբար ժամանակի հետ նոր լրացումներ, փոփոխություններ են առաջ գալիս՝ նոր հրահանգներ։ «Ցավոք սրտի, ի դժբախտություն մեզ և ոչ որևէ մեկի, երբ որ այդ փաստաթուղթը ստորագրվել էր նոյեմբերի 9-ին, աշխատանքային խումբ էր ստեղծվել, որը պետք է բոլոր կետերն առանձին ներկայացներ, որովհետև տարբեր բաներ կային, որ այլ մեկնաբանության տեղիք չտար։ Մանավանդ, երբ կողմերից մեկն ունի առավելություն, կարող է ցանկացած կերպ մեկնաբանել փաստաթուղթը։ Եվ այդ առումով մեծ բացթողում էր մեր կողմից, որովհետև չկարողացանք հավուր պատշաճի կատարել մեր տնային աշխատանքը, որովհետև չկարողացանք փաստաթղթի փաթեթ ներկայացնել, ուր բոլոր մանրամասներով համաձայնագրի առանձին կետերը կներկայացվեր»,- նշել է Վարդանյանը։
Երկրորդ կետը խաղաղապահների հետ կապված, պետնախարարի խոսքով, նրանց գործառույթի վերաբերյալ թյուր պատկերացումներն են։ Ռուբեն Վարդանյանը հիշեցրել է Հյուսիսային Կիպրոսում տեղի ունեցածը, երբ թուրքերը բուլդոզերով ճզմում էին խաղաղապահների մեքենան։ «Խաղաղապահները, որոնց թվաքանակը և գործառույթները շատ սահմանափակ են, ավելի շատ զսպող են, քան կոնկրետ գործողություններ նախանշող»,- նշել է Վարդանյանը, հավելել, որ եթե կողմերից մեկը չի ուզում կատարել իր պարտականությունները, ցանկալի արդյունք չի լինի, անկախ նրանից, ռուս, թե ֆրանսիական խաղաղապահներ կլինեն։
Ըստ Վարդանյանի, ՌԴ-ի՝ որպես ՀՀ-ի ու Արցախի անվտանգության երաշխավորի, որպես գործընկերոջ, որպես պաշտպանի հարցում կան առարկություններ, բողոքներ։ «Հայ հասարակությունը, ինչպես միշտ, բաժանված է ռուսամետների և ռուսատյացների։ Դա շատ պրիմիտիվ և ոչ ճիշտ մոտեցում է, ոչ-ոք ոչնչով ոչ մեկին պարտավոր չէ։ Այս ցինիկ աշխարհում ոչ-ոք ոչ մեկին ոչնչով պարտավոր չէ։ Որպեսզի մենք կարևոր լինենք և մեզ հետ հաշվի նստեն, պետք է ազդեցիկ լինենք, որպեսզի նորմալ դաշնակիցներ ունենանք, պետք է լինենք հզոր և հույսը մեր վրա դնենք»,- նշել է Ռուբեն Վարդանյանը։
Արամ Սարիբեկյան