Կնքվեց համագործակցության նոր հուշագիր ԱՏՁՄ և staff.am-ի միջև
EconomicsՕգոստոսի 29-ին «Դիջիթեք 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսին ընդառաջ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Կարապետյանը և staff.am տնօրեն Նազելի Բադալյանը կնքեցին համագործակցության նոր հուշագիր։
Համագործակցության այս նոր մոդելն առաջինը կիրառվեց «Դիջիթեք 2022»-ի շրջանակներում՝ հնարավորություն ընձեռելով տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակից ընկերություններին իրենց թափուր հաստիքներն անվճար հիմունքներով հրապարակել staff.am-ի կողմից հատկացված մեկ միասնական հարթակում։
Հաշվի առնելով համագործակցության այս ձևաչափի արդյունավետությունը և մասնակից ընկերությունների հետաքրքրությունը՝ այս տարի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և staff.am-ի միջև համագործակցության շրջանակներն ավելի են ընդլայնվել։
Այս անգամ Կարիերայի հատուկ հարթակը, որը հասանելի է staff.am/digitec23 հղմամբ, բաց կլինի ոչ միայն տեխնոլոգիական ցուցահանդեսի մասնակից ընկերությունների, այլ նաև ԱՏՁՄ անդամ ընկերությունների համար, որոնք կարող են հայտարարությունները հրապարակել հարթակում մինչև «Դիջիթեք 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսի ավարտը, իսկ թափուր հաստիքները տեսանելի կլինեն բոլոր օգտատերերին մինչև նոյեմբերի 1-ը։
Համագործակցության շրջանակներում նաև staff.am մեդիա հարթակը՝ staffmedia.am-ը կլինի «Դիջիթեք 2023»-ի մեդիա գործընկեր՝ ակտիվորեն լուսաբանելով ցուցահանդեսի մեդիա նորությունները։
Նշենք, որ այս տարի «Դիջիթեք 2023» տեխնոլոգիական ցուցահանդեսը կկայանա 2023 թ. hՀոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Արդեն շուրջ 18-րդ անգամ կազմակերպվող այս տարածաշրջանային խոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսի խորագիրն է «Tech Fusion: Connecting ideas, Transforming industries», իսկ առանցքային թեման կլինի տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության և հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների վրա՝ կրթությունից մինչև բժշկություն։