Ի՞նչ է այսօր պետք Արցախին ու արցախահայությանը, ըստ Ռուբեն Վարդանյանի
AnalysisՊարտվողական մտածողությունը բերում է ավելի մեծ պարտության։ Արցախի անվտանգության և զարգացման ճակատի համակարգող Ռուբեն Վարդանյանի խոսքերն են։ Նրա խոսքով՝ սա ակնհայտ իրողություն է: Հայաստանի իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձում են ապացուցել, որ հնարավոր «խաղաղության պայմանագիրը» փոխելու է իրավիճակը և խաղաղություն է ապահովելու 29 800 քառ. կմ-ի վրա ապրող հայության համար, մինչդեռ սա պարզ մոլորություն է: Ադրբեջանն իր գործողություններով ամեն ինչ անում է՝ այդ թեզը հերքելու համար, նշել է Վարդանյանը։
Նախկին պետնախարարն ընդգծել է, թե Հայաստանի իշխանությունը հայտարարում է, թե պետք է ապահովվի արցախահայության անվտանգությունն ու իրավունքները: «Դրանք արդեն իսկ ապահովված չեն: Ի՞նչն է խանգարում Հայաստանի իշխանությանը հրաժարվել իրենց՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարությունից: Այս գիծը չափազանց վտանգավոր է և որը հանգեցնելու է ավելի մեծ պարտությունների, և կարևոր է, որ մեր հասարակությունը դա հասկանա»,- նշել է նախկին պետնախարարը։
Մեկ այլ գրառմամբ էլ Ռուբեն Վարդանյանը փաստել է, թե գոյաբանական վտանգի առաջ է կանգնած Հայաստանը, քանի որ կեղծ են այն թեզերը, թե հանձնելով Արցախը՝ Հայաստանը խաղաղություն է ստանալու: Ադրբեջանի սադրանքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը չի բավարարվելու Արցախը զավթելով, նրանց նպատակները շատ ավելի հեռուն են գնում: «Այն, ինչի միջով հիմա անցնում է հայ ժողովուրդն Արցախում, ու նաև Հայաստանում, վստահաբար կարելի է անվանել մեր պատմության ծանրագույն էջերից մեկը: Պատմական այս հանգրվանում մեզ համար ամենակարևորն այս փուլն արժանապատվորեն հաղթահարելն է, իսկ դրա փորձը մենք ունենք»,- ասում է Ռուբեն Վարդանյանը։
Ի՞նչ է այսօր պետք Արցախին ու արցախահայությանը: Նախկին պետնախարարի կարծիքով պետք է, որ ողջ հայությունը սատար կանգնի մեր պայքարին ու դիմադրությանը, գիտակցի, որ Արցախի հարցն ազգային արժանապատվության հարց է, դա նաև Հայաստանի անվտանգության և հայկական աշխարհի պահպանության հարց է: Ահրաժեշտ է, որ Հայաստանի իշխանություններն արցախահայերի թիկունքում Արցախի ճակատագրի մասին վտանգավոր հայտարարություններ չանեն: Դրանք ոչ միայն չեն նպաստում իրավիճակի թեթևացմանը, այլև խնդիրներ են ստեղծում հենց Հայաստանի Հանրապետության համար:
Անժելա Մամիկոնյան