Երկուական արծաթ և բրոնզ՝ Թուրքիայում կայացած Եվրոպայի առաջնությունից. առաջնության մասնակցությունը հնարավոր դարձավ ԶՊՄԿ-ի շնորհիվ
SocietyՍտամբուլում օգոստոսի 26-ից սեպտեմբերի 6-ը տեղի է ունեցել WAKO-ի վարկածով քիք-բոքսինգի Եվրոպայի առաջնությունը:Այն բավականին ներկայացուցչական էր, մասնակցում էր 38 երկրի 3015 մարզիկ: Հայաստանը ներկայացնող տասը մասնակցից վեցը Սյունիքի մարզի սիրողական և պրոֆեսիոնալ քիք-բոքսինգի «Սյունիք» մարզական ակումբի մարզիկներն էին:ՀՀ վաստակավոր մարզիչ Արայիկ Սարգսյանի և մարզիչ, ՀՀ քիք-բոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահ Վիկտոր Խաչատրյանի սաներ ,մինչև 32 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Մարկ Միքայելյանը և Սերժ Պապյանն արժանացան երկուական արծաթե և բրոնզե մեդալների, նրանք հանդես եկան մարզաձևի երկու ՝ լայթ և քիք-լայթ ոճերում:Թեժ մենամարտերում և լարված մթնոլորտում նվաճված պարգևների գինն առավել քան բարձր էր, թեև սպասելիքները կային ավելի բարձր քաշային կարգերում հանդես եկող ակումբի մյուս սաներից:
Առաջնության մասնակցությունը հնարավոր դարձավ ակումբի մշտական հովանավոր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրինության շնորհիվ: Ակումբի սաները և մարզիկները մշտապես զգում են ակումբի պատվավոր նախագահ, կոմբինատի կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի աջակցությունը:
Սեպտեմբերի 7-ին Հայաստանի կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ընդունել է մարզիչներին և նրանց սաներին, շնորհավորել մեդալներ նվաճելու առիթով, հետաքրքրվել նրանց առօրյայով, մարզումային պայմաններով: Նաև խոսակցություն եղավ ակումբի՝ հաջողության հասած սաներին մարզական կոչումներ շնորհելու մասին:
Վահրամ Օրբելյան