Յուրաքանչյուրի ձայնը կարևոր է. ընտրություններին մասնակցելու հրամայականը
Analysis«Արցախի անվտանգության և զարգացման» ճակատի համակարգող, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է երեկ հերթական ուղերձով հանդես եկել։ Ընդսմին նա կոչ չի արել որևէ ուժի ընտրել, թեև ի սկզբանե պարզ է, թե ում է պաշտպանում Ռուբեն Վարդանյանը։ «Ի՞նչ է ակնկալվում մեզնից յուրաքանչյուրից, առնվազն չլինել անտարբեր, մասնակցել ընտրություններին՝ գիտակցելով, որ միասին կարող ենք հասնել փոփոխությունների և բարեկեցիկ ու ապահով ապագա կառուցել մեր երեխաների համար»,- նշել է Վարդանյանը։
Նրա խոսքով շատ ծանոթ և անծանոթ մարդիկ իրեն հարցնում են. «Ռուբե՛ն, ինչու՞ եք եկել Արցախ»։ «Սա հերոսություն չէ, այլ նորմալ քայլ է հայրենասեր մարդուց, որն ուզում է լինել իր եղբայրների և քույրերի հետ»,- նշել է Վարդանյանը և կոչ արել անել նորմալ քայլ, գնալ ընտրությունների, տատանվողներին էլ համոզել, որ յուրաքանչյուրի ձայնը կարևոր է, կարևոր է Երևանի, հայրենիքի և Հայկական աշխարհի համար։
Վստահություն հայտնելով, որ փայլուն ապագա ենք ունենալու, Ռուբեն Վարդանյանի կոչը մեկն է, անպայման մասնակցել, միայն բարձր մասնակցության շնորհիվ հնարավոր կլինի իշխանափոխություն իրականացնել։ Յուրաքանչյուրը, ով չի գնում ընտրության և չի մասնակցում այդ կերպ իր քվեն անուղղակի կերպով տալիս է հենց գործող վարչախմբին, իսկ 50 և ավելի տոկոս մասնակցության դեպքում գործող վարչախմբի վերարտադրությունը բացառվում է։
Հայարփի Ամիրխանյան