«Վստահ եմ, որ Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը ձախողվելու է, իսկ շանտաժի, շրջափակման կամ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի միջոցով չի հաջողվի կոտրել Արցախի ժողովրդին». Սամվել Կարապետյան
Society«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարությունը.
«Խորապես մտահոգված եմ Արցախում տիրող իրավիճակով, որտեղ, ակնհայտորեն կեղծ նպատակների պատրվակով, այսօր Ադրբեջանը զանգվածային հրետակոծություն է սկսել, հարվածների տակ են հայտնվել խաղաղ բնակչությունը, այդ թվում՝ երեխաները։ Մինչ օրս Արցախում վիրավորվել է ինը երեխա, որոնցից երեքը բեկորային վնասվածքներով գտնվում են վիրահատարաններում: Այս 10 ամիսների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների ցեղասպան քաղաքականությունն Արցախի հայ բնակչության համար վերածվել է ուղղակի ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի: Այս գործողությունները պետք է համապատասխան գնահատական ստանան համաշխարհային հանրության կողմից և կարող են մեկնաբանվել որպես ոչ այլ ինչ, քան ցեղասպանություն։ Տարածաշրջանում ուժի կիրառումն անընդունելի է, խաղաղ բնակիչների մահն անընդունելի է, իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի և հրադադարի համար անհրաժեշտ է գործի դնել բոլոր մեխանիզմները։ Բռնությունն ու ատրճանակի փողը չեն կարող պատրվակ ծառայել տեղի բնակչության բռնի տեղահանման համար։ Հենց ռուսական խաղաղապահ կոնտինգենտն է տարածաշրջանի անվտանգության միակ երաշխավորը, ուստի կողմերին կոչ եմ անում վերադառնալ բանակցային գործընթացին և ռուսական կողմի հետ Արցախի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու մեխանիզմներ ստեղծել։
Վստահ եմ, որ Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը ձախողվելու է, իսկ շանտաժի, շրջափակման կամ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի միջոցով չի հաջողվի կոտրել Արցախի ժողովրդին»։