Փաշինյանն Արցախի հանձնման մեղավոր է նշանակում «նախկիններին»
AnalysisԱրցախում վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները, Արայիկ Հարությունյանի՝ պատասխանատվությունից փախուստն ու իշխանությունն այլ ուժերի փոխանցելը, հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրությունն ու երեկ՝ նրա հրամանագրով Արցախի Հանրապետությունը լուծարելու որոշումը նոր շունչ են հաղորդել փաշինյանական վարչախմբի կեղծիքներին։
Վարչախումբը՝ իրեն սպասարկող մամուլով, տարատեսակ քարոզիչներով ու ֆեյք-էջերով այժմ էլ լծվել է Արցախի հանձնման մեղքը նախկինների ու ՀՅԴ-ի վրա բարդելու գործին։ Արցախի հանձնումը մեկ պատասխանատու ունի՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժն է՝ իր արցախյան մետաստազների, մասնավորապես՝ Արայիկ Հարությունյանի հետ, իսկ մյուս բոլորը պարզապես փորձել են կանգնեցնել աղետի թափանիվը՝ ստեղծված իրավիճակում պարզապես չհաջողելով։
44-օրյա պատերազմից հետո Արցախի ու Հայաստանի մարտունակությունը բարձրացնելու, հասարակությանը դիմադրության պատրաստելու, տնտեսությունը վերականգնելու քայլերի փոխարեն Նիկոլ Փաշինյանը Հայաստանում, Արայիկ Հարությունյանն Արցախում, ամեն ինչ արեցին հակառակ ուղղությամբ՝ ըստ ամենայնի, գիտակցաբար դնելով Արցախի հանձնման հիմքերը։
Արցախի նախկին նախագահները, խորհրդարանական երեք ուժերը փորձեցին իշխանափոխության միջոցով փոքրիշատե շտկել իրավիճակը, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանին ԱԺ նախագահ, ապա և Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին՝ նախագահ ընտրելով։ Նոր իշխանությունը նաև Հայաստանի իշխող վարչախմբի ծպտյալ հակազդեցության պայմաններում նույնիսկ համաձայնվեց բանակցել Ադրբեջանի հետ՝ զիջումներ կորզելու, Արցախում բնակչության անվտանգությունն ապահովելու համար, սակայն բանը բանից վաղուց անցել էր։ Եվ այսօր Փաշինյանն ու նրա սպասարկուները փորձում են ժողովրդի մեջ սերմանել այն վտանգավոր միտքը, թե իրենք կապ չունեն Արցախի հանձնման մեջ, իսկ որպես մեղավոր նշանակում են նախկիններին, ՀՅԴ-ին, բանակին, բոլորին՝ բացի իրենցից։ Մինչդեռ, փաստերն ու պատմությունն անողոք են, հինգ տարվա ընթացքում հենց գործող վարչախումբն է ամեն բան արել՝ Արցախն Ադրբեջանին նվիրելու համար։
Սոնա Մուրադյան