Ժամացույց. ծաղիկներից, ստվերից, կրակից, ավազից մինչև կվարց ու ատոմ. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Մարդը ժամանակի չափման բազմաթիվ եղանակներ է հորինել։ Նախ` ժամանակը չափվում էր արևածագով և մայրամուտով: Փորձագետներն ասում են, որ առաջին մարդիկ, որոնք սկսել են հետևել ժամանակին, պարզունակ մեթոդներ ունեին. նրանք ինչոր կերպ փորձում էին որոշել, թե որսը կամ ձկնորսությունը երբ կլինի առավել հաջողակ: Հնարավոր է, որ դրա համար նրանք ծաղիկներին էին նայում։ Ենթադրվում է, որ ծաղիկների ամենօրյա բացվելը ցույց է տալիս օրվա որոշակի ժամ: Օրինակ՝ խատուտիկը բացվում է 4:00-ի սահմաններում, իսկ լուսնածաղիկը՝ միայն մութն ընկնելուց հետո: Բայց հիմնական գործիքները, որոնց միջոցով մարդը կարող էր որոշել ժամանակը ժամացույցի ի հայտ գալուց առաջ, եղել են արևը, աստղերը, ջուրը, կրակը և ավազը: Նման «ժամացույցները» ամենապարզունակներն էին:
Տարբեր առարկաներից՝ քարերից, ծառերից ընկնող ստվերի ավելացումը կամ նվազումը օգնում էր մարդուն գոնե ինչ-որ կերպ որոշել ժամանակը: Ժամանակը որոշվել է նաև աստղերով (գիշերը տարբեր ժամանակներում տեսանելի են տարբեր աստղեր)։ Առաջիններից մեկը, ով սկսել է օգտագործել ամենապարզունակ ժամացույցներ, եղել են հին եգիպտացիները: Նրանք գիշերը բաժանել են տասներկու ժամի: Յուրաքանչյուր ժամը սկսվում էր տասներկու հատուկ աստղերից մեկի երևալով: Եգիպտացիները օրը ևս բաժանել են նույնքան ժամերի: Հենց դա է ներկայում ընդունված՝ մեկ օրը 24 ժամի բաժանելու հիմքը: Հետագայում եգիպտացիները ստեղծել են ստվերի ժամացույցներ (մենք անվանում ենք արևային ժամացույցներ): Դրանք հասարակ փայտե ձողեր են՝ նշաններով։ Ստվերային ժամացույցը դարձել է մարդկային այն առաջին գյուտը, որը նախատեսված էր ժամանակը չափելու համար:
Իհարկե, արևային ժամացույցը չէր կարող ասել ժամը ամպամած օրերին և գիշերը։ Արևային ժամացույցի մասին ամենահին գրավոր փաստաթղթերից մեկը, որը թվագրվում է մ.թ.ա. 732 թվականով, Աստվածաշունչն է (Թագավորների գրքի քսաներորդ գլուխը): Այն նշում է Աքազ թագավորի օբելիսկի ժամացույցի մասին։ Պեղումների ժամանակ հայտնաբերված մ.թ.ա. 13-րդ և 15-րդ դարերի արևային ժամացույցները վկայում են, որ իրականում արևային ժամացույցը հայտնվել է շատ ավելի վաղ, քան մարդիկ գրեր են ստեղծել։ Հին եգիպտացիները նաև ջրային ժամացույց են ստեղծել: Նրանք չափել են այն ժամանակը, որի ընթացքում հեղուկը հոսում է մի տարայից մյուսը։ Ժամանակին կրակի օգնությամբ ևս որոշվում էր ժամանակը։ Կրակային ժամացույցները երեք տեսակի էին՝ մոմային, քուղային և լամպային: Չինաստանում օգտագործվում էր հատուկ տարատեսակ. այն բաղկացած էր այրվող նյութից պատրաստված հիմքից (պարույրի կամ փայտիկի տեսքով) և դրան ամրացված մետաղական գնդիկներից։ Երբ հիմքի ինչ-որ հատված այրվում էր, գնդակներն ընկնում էին և նման կերպ ցույց տալիս ժամանակը:
Նշենք, որ մոմե կրակային ժամացույցները տարածված էին Եվրոպայում. դրանք հնարավորություն էին տալիս այրված մոմի քանակով որոշել ժամանակը։ Ի դեպ, նման ժամացույցները հատկապես տարածված էին վանքերում և եկեղեցիներում։ Ավազե ժամացույցը հայտնվել է 8-րդ դարում։ Դրանք երկու զոդված կոլբաներ են։ Կոլբաներից մեկի մեջ լցված ավազը նեղ վզով հոսում է մյուս կոլբայի մեջ՝ որոշակի ժամանակահատվածում, օրինակ՝ մեկ ժամ։ Դրանից հետո ժամացույցը շրջվում է։ Ավազի ժամացույցները էժան են, հուսալի, ուստի դրանք դեռ չեն անհետացել մեր կյանքից: Մեխանիկական ժամացույցները հայտնվել են Եվրոպայում 1300-ական թվականներին, դրանք աշխատել են հակակշիռների և զսպանակների օգնությամբ։ Այն ժամանակ դրանք սլաքներ չունեին, իսկ ժամային անցումը ցույց էր տալիս զանգը։ Ժամանակակից էլեկտրոնային և կվարցային ժամացույցներում օգտագործվում են կվարցի բյուրեղների թրթռումները: Ներկայում ամենաժամանակակիցն ու էտալոնայինն են ատոմային ժամացույցները: Դրանք չափում են ատոմի անցման ժամանակը բացասական էներգիայի վիճակից դրական և հակառակը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում