ԿԳՄՍՆ-ն հայտարարում է Ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատուրյանի 120-ամյակներին
CultureՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը 2023-2024 ուսումնական տարում համատեղ հայտարարում են կարճամետրաժ ֆիլմերի համահայկական դպրոցական մրցույթ՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100 և Արամ Խաչատուրյանի 120-ամյակներին:
Մրցույթն անցկացվում է ՀՀ և արտերկրի հայկական և հայկական բաղադրիչով կրթօջախների շրջանում (այսուհետ՝ կրթօջախներ):
Մրցույթի նպատակն է նպաստել աշակերտների՝ Արամ Խաչատուրյանի և Սերգեյ Փարաջանովի մասին գիտելիքների ընդլայնմանը, սփյուռքում ազգային կրթության շուրջ համախմբմանը, ստեղծագործական ոգու զարգացմանը:
Մասնակից կրթօջախներից ակնկալվում է
1. ձևավորել ուսուցիչ(ներ)ի ղեկավարությամբ ստեղծագործական աշակերտական խմբեր: Խմբերը կարող են ունենալ խառը տարիքային կազմ և ընդգրկել տարբեր դասարանների աշակերտներին՝ սկսած կրտսեր դպրոցական տարիքից, կամ համալրված լինեն նույն տարիքի/դասարանի աշակերտներով: Վերջինի դեպքում ստեղծագործական խմբում ընդգրկվում են 12 տարեկան և բարձր տարիք ունեցող աշակերտները:
2. Իրականացնել Ա. Խաչատրյանին կամ/և Ս. Փարաջանովին նվիրված համապատասխան նախնական հետազոտական, ուսումնական, ստեղծագործական և այլ բնույթի աշխատանք երեխաների հետ (օրինակ՝ ուսումնասիրել կենսագրությունը, ճանաչել և մեկնաբանել ստեղծագործությոնները և այլն), գրել ֆիլմի սցենար և նկարահանել այն: Կախված կատարած հետազոտական աշխատանքից՝ ֆիլմը կարող է լինել ցանկացած անվանակարգի (վավերագրական, խաղարկային և անիմացիոն):
3. Ստեղծել հանձնաժողովներ, որոնք կգնահատեն և նախնական ընտրություն կկատարեն, եթե դպրոցում ձևավորվեն մեկից ավելի ստեղծագործական խմբեր, քանի որ յուրաքանչյուր դիմած կրթօջախից ընդունվելու է միայն մեկ ֆիլմ:
4. Ֆիլմի լեզուն պետք է լինի հայերենը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Մրցույթին ներկայացվող ֆիլմը պետք է նկարահանված լինի հատուկ այս մրցույթի համար, որպես ստեղծագործական խմբի մասնակից՝ նշված աշակերտների տարիքը և դասարանները պետք է համապատասխանեն ընթացիկ ուսումնական տարում իրենց տարիքին և դասարաններին: Էլեկտրոնային հարթակներում ֆիլմի հրապարակման ժամկետների հետ կապված սահմանափակումներ չկան, եթե առկա է նկարահանման նպատակի մասին նշումը:
Պարգևները
Մրցույթի հաղթողները կպարգևատրվեն դիպլոմներով և նվերներով: Բոլոր մասնակից կրթօջախները կստանան մասնակցության վկայականներ:
Մրցույթի անցկացման կարգը և ֆիլմերի ներկայացման պահանջները
Մրցույթն անցկացվում է մեկ փուլով:
Մասնակից կրթօջախները մինչև հունվարի 15-ը ներբեռնում են իրենց ֆիլմը որևէ նիշքափոխանցող համակարգ (Google Disk և այլն) կամ էլեկտրոնային հարթակ և հղումն ուղարկում են vardanabovyan@yahoo.com էլեկտրոնային հասցեով: Էլեկտրոնային նամակը պետք է ուղարկված լինի կրթօջախի պաշտոնական կամ ղեկավար մանկավարժի էլեկտրոնային հասցեից:
Նամակի վերնագրում պետք է կատարված լինի «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ» գրառումը, իսկ նամակի բովանդակության մեջ՝ կրթօջախի ամբողջական անվանումը, ղեկավար մանկավարժի անունը, ազգանունը ու հեռախոսահամարը, ինչպես նաև ներկայացվող ֆիլմի վերնագիրը:
Ֆիլմը կարող է նկարահանվել ցանկացած տեխնիկական սարքով, ունենա 3-10 րոպե
տևողություն:
Ֆիլմի տեղեկատվական մասում (titles) պետք է նշված լինեն.
1. Ֆիլմի անվանումը,
2. ֆիլմի տևողությունը,
3. ֆիլմի անվանակարգը,
4. կրթօջախի երկիրը, քաղաքը, անվանումը,
5. ղեկավար մանկավարժի անունը, ազգանունը,
6. ստեղծագործական խմբի (աշակերտների) տվյալները` անունները, ազգանունները, տարիքը/դասարանը:
Ժամկետները
Հավելյալ հարցերով կարող եք դիմել՝
Հայաստանի ազգային կինոկենտրոն
հեռ.՝ +374 10 52-20-32 Էլ.փոստ. vardanabovyan@yahoo.com
Կայքէջ. ncca.am
Facebook: «NationalCinemaCenterofArmenia»
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
հեռ.՝ +374 10 599-647
Էլ.փոստ. tamara.zalinyan@escs.am Կայքէջ. www.escs.am
Facebook: «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն»
N Գործողություն/աշխատանք Ժամկետ
1 Ֆիլմերի ներկայացման վերջնաժամկետ 15 հունվար, 2024
2 Գնահատում և հաղթողների հայտարարում 4 մարտ, 2024
3 Պարգևատրում Մարտ-ապրիլ, 2024
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒՅԹՈՒՆ