«Սիրո առատություն մեր հայրենիքում»․ «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջերս լույս է տեսել երիտասարդ հեղինակ Ատոմ Ավետիսյանի առաջին գիրքը՝ «Հայրենասերը»: Գրքում տեղ գտած ստեղծագործությունները արձակ և չափածո ժանրում են՝ հայրենիքի, կարոտի ու սիրո, կյանքի ու կրքի մասին: «Դպրոցական տարիներին, երբ ուսուցիչները հանձնարարում էին շարադրություն գրել, հասկանում էի, որ այդ պրոցեսն ինձ մոտ ավելի լավ է ստացվում, քան իմ համադասարանցիների: Մասնակցեցի շարադրության մրցույթների, հաղթեցի, հետո պարտվեցի ու կոտրվեցի: Շարադրությունը դարձավ չափածո, հետո արձակ, սկսեցի ինձանից անկախ պոեմներ գրել` չհասկանալով անգամ, թե ինչ է պոեմը, հետո` բալ լադներ: Առաջին բալ լադս նվիրեցի ուսուցչուհուս՝ Իրինա Դավթյանին: Բառացի չասաց, որ պետք է գրող դառնամ, բայց թույլ տվեց ավելի մոտենալ գրականությանը: Ինքս ինձ վրա աշխատելով` հասա այս կետին»,այսպես ենք սկսում Ատոմի հետ մեր զրույցը:
«Հայրենասերը» 12 տարվա աշխատանքի արդյունք է: «Փաստի» հետ զրույցում հավելում է՝ ուզում էր հայրենասեր բառն արժևորել, իսկ կարմիրով ընդգծված սեր բառը խորհրդանշում է սիրո առատությունը հայրենիքում: «Գիրքը պետք է լույս տեսներ 2022 թ.-ին: Սեպտեմբերի 13-ին սկսվեցին ռազմական գործողությունները, ընկերներ ու հրամանատարներ կորցրեցի, ստիպված եղա որոշ ժամանակով հետաձգել գրքի տպագրման աշխատանքները»,-նշում է զրուցակիցս: Գիրքը «ծնվել» է 2023 թ.-ին: Ատոմը որոշել էր՝ գրքի շապիկին լինելու է իր մարտական ընկերոջ ու նրա ընկերուհու լուսանկարը, ինչպես ինքն է ասում՝ շապիկին հայրենիքն ու սերն են պատկերված: «Հովհաննավանք ուղևորվեցինք, այնտեղ նրանց լուսանկարեցինք: Կարծում եմ, որ գիրքը զույգի միասնության օթևան կդառնա և դարձել է:
Տխրության ժամին այն իրենց համար ուրախություն կդառնա, ուրախության ժամին էլ ավելի կերջանկացնի: Իմ այս քայլով գրականության մեջ ինչ-որ չափով նորամուծություն բերեցի, ինձ հարազատ զույգի մեջ ամրություն ստեղծեցի, կարողացա հանրությանը տալ մաքուր, իսկական, հայեցի սեր՝ այդ բառի ամենաուղիղ իմաստով: Ե՛վ որպես զինվորական, և՛ որպես գրող միշտ փորձել եմ տարբերվել և ուրիշներին բերել իմ դաշտ: Հետո սկսվեցին գրքի տպագրման աշխատանքները, խնդիրներ առաջացան, նաև ֆինանսական, որոնք լուծեցինք: Ուզում էի շնորհանդես կազմակերպել, բայց չստացվեց: Մասնագիտությամբ զինվորական եմ, ամեն անգամ, երբ ուզում էինք շնորհանդես կազմակերպել, մի բան խանգարում էր, ասենք, սահմանին էր լարվածություն լինում, իսկ երբ արդեն հստակ օր ու տեղ էինք որոշել, արցախահայությունը բռնագաղթեց Հայաստան: Հաջորդիվ մեր բոլոր ջանքերը գործի դրեցինք նրանց օգտակար լինելու համար»: Ատոմը գրքի վաճառքից գոյացած հասույթով աջակցում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին:
«Ի սկզբանե միտք չեմ ունեցել գիրքը վաճառել, սա իմ հեղինակային առաջին գիրքն էր և այն ուզում էի նվիրել իմ ընթերցողին: Մտածում էի, որ եթե հետագայում էլի գրքեր գրվեն, կմտածեմ վաճառքի և հասույթը որևէ տեղ ուղղելու մասին: Բայց երբ արցախահայությունը բռնի տեղահանվեց, որոշեցինք գիրքը վաճառել: Արդեն իսկ կարողացել ենք մի քանի ընտանիքի ֆինանսական օժանդակություն տրամադրել: Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, որոնք այս կարևոր գործում իմ կողքին են, օգնում են մոնիթորինգ իրականացնել, որ մեր օժանդակությունը տեղին և հասցեական լինի: Սա ուղղակի ֆինանսական խնդրի լուծում չէ, մեր հայրենակիցներին ցույց ենք տալիս, որ իրենց կողքին ենք, երբեք իրենց մենակ չենք թողնի»,-եզրափակում է Ատոմ Ավետիսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում