Աշխարհի ամենատարօրինակ ապուրներից մեկը. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Նորություն չէ, որ մարդն ինչ ասես ուտում է։ Բայց ամենազարմանալի ուտեստներից մեկը թռչնաբնի ապուրն է։ Նման ուտելի թռչնաբներ՝ «ծիծեռնակի բներ», լինում են հարավ-արևել յան Ասիայի երկրներում՝ Ինդոնեզիայում, Մալայզիայում, Թայլանդում, Ֆիլիպիններում և Վիետնամում, որտեղ բույն են հյուսում սալանգան թռչունների որոշ տեսակներ։ Այդ թռչունները բույն են հյուսում լեռնային քարանձավներում կամ էլ ներկայում քաղաքային պայմաններում մարդկանց կողմից ստեղծված հատուկ քարանձավատիպ կառույցներում։ Սալանգանները բույն հյուսելիս օգտագործում են թքագեղձերի արտազատուկը, ընդ որում՝ դրանց շատ տեսակները դրան ավելացնում են նաև բմբուլներ, որից էլ այդ բները դառնում են սև և արժեք չեն ներկայացնում։
Սալանգանների բազմացման սեզոնը սկսվում է փետրվարի վերջից մինչև մայիս, և այդ ժամանակահատվածում նրանք իրենց թքից բույներ են հյուսում 1-ից 1,5 ամսվա ընթացքում։ Հենց սկզբից նշենք, որ ուտելի թռչնաբնի մեկ կիլոգրամի արժեքը մոտ 2300 դոլար է։ Մասնագետները համարում են, որ մալազիական Կիլիմանտան կղզու Սաբահ և Սարավակ նահանգների քարանձավներում բնադրում է մոտ մեկ միլիոն սալանգան, որոնք ստեղծում են մոտ 150 տոննա թռչնաբույն, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 350 միլիոն դոլար։ Թռչնաբների՝ սննդում օգտագործելը հարավ-արևել յան Ասիայում թվագրվում է 618- 907 թվականներով՝ Թան դինաստիայի ժամանակաշրջանով։ Իսկ չինացիներն սկսել են ուտել թռչնաբնի ապուր Մին դինաստիայի ժամանակներում։ Որոշ հեքիաթներում նշվում է, որ Չժեն Օնը, որը եղել է չինացի հետազոտող, դիվանագետ և նավատորմի ադմիրալ, առաջին չինացին է, որը համտեսել է թռչնաբնի ապուր։
Թռչնաբնի ապուրը չինական խոհանոցի ամենահայտնի և, միևնույն ժամանակ, ամենահակասական դելիկատեսներից մեկն է։ Ուտելի թռչնաբույնը համարյա համ չունի։ Թռչանբնի ապուրը իրենից ներկայացնում է լորձանման զանգված և նման է կիսելի։ Չինացիները սովորաբար ապուրին խառնում են շաքարավազ, և այն համարվում է քաղցր դեսերտային ապուր։ Հոնկոնգում մեկ փոքրիկ աման թռչնաբնի ապուրի արժեքը 30-ից 100 դոլար է։ Հենց այդ պատճառով էլ մարդիկ թռչնաբնի ապուրին մեկ այլ անուն են տվել՝ «արևել յան ձկնկիթ»։ Շատերն են պատրաստ ծախսել ահռելի գումարներ մեկ աման նման ապուր ուտելու համար, քանզի համարվում է, որ թռչնաբնի ապուրը պահպանում է երիտասարդությունը, ինչպես նաև բարելավում է առողջությունը և ուժեղացնում մարմինը։
Բայց ճշմարտությունն այն է, որ եթե անգամ այդ ապուրն ունի նման հատկություններ, ապա դա անհնար է ստանալ մեկ ամանով, և պետք է ամեն օր օգտագործել դա։ Ըստ հետազոտությունների, այն պարունակում է 61- 67 % սպիտակուց, 25,4 - 31,4 % ածխաջրատներ, ինչպես նաև հանքային աղեր։ Ներկայում թռչնաբների հիմնական սպառողներ են հանդիսանում Չինաստանը, Թայվանը, Սինգապուրը և Հյուսիսային Ամերիկան։ Ինդոնեզիան թռչնաբների հիմնական մատակարարն է, նա տարեկան արտադրում է մոտ 250-300 տոննա ուտելի թռչնաբույն, ընդ որում՝ բուն Ինդոնեզիայում ծախսվում է միայն 25 տոննան։
ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում