Հայաստանում հայտնաբերվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դետքային համաճարակաբանական դիտարկման շրջանակներում լաբորատոր հետազոտության արդյունքում Հայաստանում հայտնաբերվել է Գրիպ Բ տեսակի հարուցիչ։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտնում են՝ գրիպի ընդհանուր ախտանշանները ներառում են՝ ջերմություն, մարմնի ջարդվածության զգացում, դող, սարսուռ և քրտնարտադրություն, գլխացավ, չոր հազ, շնչարգելություն, հոգնածություն և թուլություն, քթահոսություն (հարբուխ), կոկորդի ցավ և քերոցի զգացում, ակնագնդերի ցավ, լուսավախություն և արցունքահոսություն, փսխում և փորլուծություն, որն ավելի տարածված է երեխաների մոտ։
-Բարդություններն են երկրորդային վարակները, ինչպիսիք են՝ երկրորդային թոքաբորբը, բրոնխիտը, բկաբորբը, սինուսիտը, լարինգիտը, ականջաբորբը։
-Գրիպի վիրուսով պայմանավորված առաջնային բարդություններից հատկապես վտանգավոր են առաջնային թոքաբորբը, վիրուսային միոկարդիտները, մենինգիտը, էնցեֆալիտը, մենինգոէնցեֆալիտը, միելիտը, երիկամային անբավարարությունը և այլն։
Հղիների մոտ՝ որպես կյանքին սպառնացող ամենավտանգավոր գրիպի բարդություն, կարող է զարգանալ սուր շնչառական անբավարարություն։
Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում ենք.
-պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա, ներկայում հանրապետությունում առկա գրիպի պատվաստանյութը պաշտպանում է գրիպի երկու Ա և երկու Բ ենթատեսակներից,
-խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,
-եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
-եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
-մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,
-հագնվե´ք եղանակին համահունչ,
-պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
-օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
-հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
-հետևե´ք անձնական հիգիենային: