Ո՞ր երաժշտական գործիքների նախահայրն է համարվում հնագույն սանթուրը․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Սանթուրը բազմալար հարվածվող նվագարան է։ Հին պարսկերենից թարգմանաբար «սանթուր» բառը նշանակում է «հարյուր լար»։ Այդ գործիքն ունի փայտյա տափակ և սեղանաձև իրան, որի վերևի կափարիչի վրա կան ձայնադարձիչ անցքեր։ Լարերը մետաղյա են՝ ձգված «սեղանի» հիմքերին: Սանթուրը նվագում են ծնկներին կամ հատուկ հենարանի վրա դրված, մետաղյա կամ փայտյա մուրճիկներով, ինչի պատճառով էլ այն համարվում է լարային-հարվածային նվագարան։ Գործածվում է հիմնականում նվագակցելու համար՝ քաղաքային սազանդարական, նաև աշուղական խմբերում։ Բուն պարսկական սանթուրն ունի երկու կամրջակ, որոնք նվագարանի համար ապահովում են մոտ երեք օկտավա հնչյունածավալ։ Իսկ ահա գործիքի հնդկական տարբերակն ավելի լայն է և ուղղանկյունաձև։
Սանթուրի նախատիպը ծագել է Միջագետքում և շուտով լայնորեն տարածվել Իրանի տարածքում։ Միջագետքյան սանթուրն ունեցել է հունական ընկուզենու փայտից պատրաստված սեղանաձև իրան և պողպատե կամ բրոնզե 92 լար, նրա կառուցվածքի մեջ օգտագործվել են նաև քարեր և այծի աղիներ։ Թեև հին պարսկերենից թարգմանաբար նվագարանի անվանումը նշանակում է «հարյուր լար», սակայն, ըստ որոշ ուսումնասիրողների, նվագարանի անունը ծագել է շումմերերեն sant (հնչյուն) և Ur բառերից, որ նշանակում է Ուր քաղաքի ձայնը։ Ի դեպ, շումմերական այդ հնագույն քաղաքի տարածքում առաջին բնակավայրը ձևավորվել է մ.թ.ա. 5-րդ հազարամյակի վերջին։ Դրանից հետո սանթուրը թափանցել է նաև պատմական Հայաստան, Ասորիք և ներկայիս Քուվեյթի տարածք։ Իսկ ավելի ուշ այն տարածվել է Անդրկովկասում, Մերձավոր Արևելքում և Միջին Արևելքում։
Այսպես տարածվելով մի շարք երկրներում՝ սանթուրը տարբեր ժողովուրդների մոտ ենթարկվել է որոշ փոփոխությունների, կատարելագործվել ու զարգացել է, ինչի շնորհիվ առաջացել են նվագարանի արտաքին տեսքի որոշ առանձնահատկություններով, տարբեր լարվածքով ու հնչյունածավալով մի քանի տարբերակ։ Սանթուրը հանդիսանում է տավիղի, չինական յանգքինի, կլավիկորդի, քանոնի և եվրոպական ցիմբալի նախահայրը։ Սանթուրը Եվրոպայի տարածք է թափանցել միջնադարում արաբների միջոցով, երբ հյուսիսային Աֆրիկայից նրանք անցել ու հաստատվել են Իսպանիայում։ Մոտավորապես այդ շրջանում է նաև այն հասել Չինաստան։ Ըստ հնագիտական նյութերի, նվագարաններն, առհասարակ, Հայկական լեռնաշխարհում եղել են դեռ մ.թ.ա. 2-րդ հազարամյակից։ Սակայն երաժիշտների մասին հիշատակություններ կան դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակին վերաբերող խուռիական սեպագիր արձանագրություններում, ինչը ենթադրել է տալիս, որ երաժիշտներ և նվագարաններ եղել են նաև սահմանակից հայկական բնակավայրերում։
Հայկական սանթուրի մասին հին և միջնադարյան աղբյուրները խիստ սահմանափակ տեղեկություններ են հաղորդում։ Սանթուրահարների պատկերներ են հանդիպում մի քանի ձեռագիր մատյաններում և տապանաքարերի վրա կատարված պատկերաքանդակներում։ Երկար ժամանակ ավանդական հայկական սանթուրը մոռացվել է, և դրա փոխարեն երաժշտական դպրոցներում ուսուցանվել և տարբեր համույթներում էլ գործածվել է եվրոպական ցիմբալը, որը թեև տեսքով նման է հայկական սանթուրին, բայց ունի սահմանափակ ձայնածավալ և աղքատիկ տեմբրային հնարավորություններ։ Բաս-քանոններ պատրաստող վարպետ Ալբերտ Զաքարյանը 2014 թվականին ներկայացրել է իր ստեղծած հայկական բաս-սանթուրը, որը մեղեդուն հաղորդում է նոր հնչերանգներ և ունկնդրին է փոխանցում բոլորովին այլ զգացողություններ։ Ներկայում հայ պրոֆեսիոնալ սանթուրահարներն իրենց կրթությունը ստանում են կոնսերվատորիայի ազգային նվագարանների համապատասխան բաժնում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում