Էկոնոմիկայի նախարարը նախագահին մանրամասներ է հայտնել «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի վերաբերյալ
SocietyՆախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ով երկրի տնտեսության ընդհանուր իրավիճակը ներկայացնելուց զատ, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, մանրամասներ է հայտնել նաև դեկտեմբերի 1-2-ին Երևանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի կամզակերպչական աշխատանքների մասին:
Ամենամյա բնույթ կրող այս միջոցառումը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ՝ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ: Միջոցառման հատուկ հյուրն է լինելու հռչակավոր գրող, փիլիսոփա և հասարակական գործիչ Նասիմ Թալեբը՝ «Հակափխրունություն» և «Սև կարապ» համաշխարհային բեսթսելլերների հեղինակը: Համաժողովին կմասնակցեն հարյուրավոր գիտնականներ գործարարներ և հետազոտողներ տարբեր երկրներից ու կազմակերպություններից:
Միջոցառման նպատակն է խթանել գիտահեն գործարարության զարգացումը Հայաստանում՝ ի նպաստ երկրի տնտեսության:
Համաժողովի մասնակցության համար տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց և առկա տոմսարկղերից: Միջոցառման տոմսերի վաճառքի հասույթն ամբողջությամբ ուղղվելու է արցախահայերի աջակցության ծրագրերին:
Համաժողովի մանրամասներն՝ այստեղ: