Երևանում սինագոգի հրկիզումը լրջորեն խաթարել է ՀՀ հեղինակությունը
AnalysisԵրևանում հրեական սինագոգի մուտքի հրկիզումը բավականին լուրջ արձագանք է գտել ոչ միայն Հայաստանում, այլ նաև միջազգային մամուլում։ Ընդսմին, մեր երկիրը, որտեղ երբեք հակասեմիթիզմի դրսևորումներ չեն եղել, այս օրերին դարձել է միջազգային առաջատար լրատվամիջոցների քննադատության թիրախ։
Սինագոգի մուտքի հրդեհումից հետո որոշ լրատվամիջոցներ նշեցին, որ հրկիզումն իրականացվել է ՌԴ մի քաղաքացու կողմից, որը հենց նոյեմբերի 15-ին ինքնաթիռով ժամանել է Հայաստան, հրկիզել մուտքի դուռը, տեսագրել ու նույն օրն իսկ վերադարձել է Մոսկվա։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել դեպքի կապակցությամբ, հաստատել տեղեկությունը, որ նշված գործողությունները կատարողը ՀՀ-ում չբնակվող և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձ է, որը, ըստ ստացված տվյալների, հանցանքը կատարելուց անմիջապես հետո լքել է ՀՀ տարածքը։
Լավ է, որ քննչական կոմիտեն կարողացել է պարզել դեպքի իսկությունը, սակայն հարկավոր է, որ Հայաստանի իշխանություններն էլ հասկանան խնդրի ողջ լրջությունը և հատկապես Գազայում ստեղծված իրավիճակից հետո որոշակիորեն զսպեն հակաիսրայելական դրսևորումները Հայաստանի տարածքում։ Ամեն դեպքում ցանկացած նման քայլ լրջորեն ազդում է երկրի հեղինակության վրա, հատկապես Արևմուտքում հակասեմիթիզմի դրսևորումների համար չափազանց զգայուն են արձագանքում, ուստի և գործող իշխանությունները պետք է առնվազն ուժեղացնեն հրեաների և հրեական պաշտամունքային օբյեկտների պաշտպանությունը, իսկ հանցագործություններ կամ վանդալիզմ իրականացնող անձանց արարքներն անմիջապես կանխեն, կամ էլ կատարելուց հետո արագ բացահայտեն միջազգային մամուլի էջերում՝ վատ արձագանքները կասեցնելու նպատակով։
Աննա Պապյան