Հայաստանում գտնվող Իտալիայի և Խորվաթիայի պատգամավորները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
SocietyՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեւանում ընթացող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Իտալիայի եւ Խորվաթիայի պատգամավորները նոյեմբերի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Իտալիայի պատվիրակության անդամ Կատիա Պոլիդորին նշել է. «Յուրաքանչյուր անգամ Ծիծեռնակաբերդ գալիս ես զգում եմ այն, ինչ զգացել եմ առաջին այցի ժամանակ»:
Նրա խոսքով Իտալիայի խորհրդարանը ոչ միայն խստորեն դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ այն ամենը, ինչ կատարվում է վերջին ժամանակաշրջանում: «Մենք կարծում ենք, որ պետք է անել ամեն ինչ՝ այս ամենը կանխելու համար»,- ընդգծել է պատգամավորը։
«Աստեղ ենք՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Չի կարելի մոռանալ պատմությունը: Պետք է անենք ամեն ինչ՝ աշխարհում պատերազմները կանխելու համար»,- ասել է Խորվաթիայի պատվիրակության անդամ Դավոր Բերնարդիկը:
Խորհրդարանականները եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին ու նյութերին: