Հետևելով մանկական երազանքին. Մարիամ Գրիգորյանի առաջին անհատական ցուցահանդեսը
CultureՄարիամ Գրիգորյանը, Սանկտ-Պետերբուրգում սովորելով գրաֆիկ դիզայն, այսօր հանրությանը փորձում է ներկայանալ նաև որպես նկարիչ։ Դեռ մանկուց, նկարիչ դառնալու երազանքը սրտում պահած, մշակել է, հղկել` վրձնահարվածը, թեև մասնագիտական այլ կողմնորոշում է ունեցել։ Ժպիտով է պատմում նկարների մասին, որոնցից յուրաքանչյուրի մեջ դիտողը գոնե մեկ լույս կամ «լամպագորգգոռ» հորինված բառի արմատները կգտնի։
«Ինձ համար նկարելը շնչելու պես բան է, առաջին ցուցահանդեսս կայացավ «Լամպագոռգոռ» խորագրով, որի միջոցով փորձեցի ներկայանալ հանրությանը, ասելով` բարև, ես կամ,»- համեստությամբ կիսվում է 21-ամյա երիտասարդ նկարչուհին։ Մարիամն առանձնացնում է, որ դեռ վաղուց նկարելու նախընտրելի գույներն են եղել կարմիրը, կապույտը և դեղինը, իսկ այսօր սիրում է նկարել մոխրագույնի, կապույտի երանգային մշակումներով։
«Լամպագորգոռ» ցուցահանդեսը, որը կայացավ «Փյունիկ» Զարգացման կենտրոնում, իր ուշադրությանը հրավիրեց արվեստասերներին, որոնց կարծիքը Մարիամի համար կատարելագործվելու հիմքերից մեկը դարձավ։ Խորագրի ընտրության հարցում օգնել են ընկերները, երբ առաջարկները ամպագոռգոռ հայտարարություններ են համարվել աղջկա համար, իսկ ամեն լուսանկարում լամպի առկայությունը հուշել է Մարիամին, որ պետք է ընտրի հենց «Լամպագոռգոռ» վերնագիրը` մեկտեղելով լամպերն ու «գոռգռացող» արտահայտությունները:
Մարիամը ոգեշնչվում է Մինաս Ավետիսյանի տաղանդով, պատրաստվում է երկրորդ անհատական ցուցահանդեսին, որը կկայանա մեկ ամիս անց։ Չնայած խորհուրդների կարիք ունի Մարիամը նույնպես, սակայն իր փորձով կիսվելով, խորհուրդ է տալիս երիտասարդներին հետևել երազանքին, չվախենալ առաջին քայլերն անելիս։
Հեղինե Մխիթարյան, ՀՊՄՀ Լրագրության բաժին