Փաշինյանն արտահերթ ընտրություններով իրեն ծառայող արտախորհրդարանական ուժերին ԱԺ է տանելու. Նաիրի Սարգսյան
InterviewԱնհերքելի է՝ Ռուսաստանն ունի իր մեղավորության չափաբաժինն Արցախում կատարվածի համար, բայց անհերքելի է նաև այն, որ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում կատարվողի գլխավոր պատասխանատուն Հայաստանի այս պահի իշխանությունն է: Իսկ եթե անգամ Ռուսաստանը մեր նկատմամբ իրեն պահել և պահում է ոչ բարեկամական, ապա դրա պատճառը մեր սխալ քաղաքականությունն է։
Անհերքելի է մեկ փաստ ևս՝ Ռուսաստանը չի հեռանալու Հարավային Կովկասից և իր՝ նման քաղաքականությամբ ընդամենը ժամանակ է ձգում ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին հասցնելու և մեր տարածաշրջանով զբաղվելու համար։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը՝ ընդգծելով.
«Ադրբեջանն ունի երկու հզոր խորհրդատու՝ Թուրքիա և Իսրայել պետություններ, որոնք Ադրբեջանին խորհուրդ են տալիս, որ Հայաստանից մաքսիմալը պահանջելու ժամանակը հիմա է, որովհետև, եթե Ռուսաստանը վերադարձավ տարածաշրջան, առավելագույնին հասնել հնարավոր չէ, ուստի համաձայն չեմ այն ձևակերպման հետ, թե Ռուսաստանն Ադրբեջանի հետ միասին կիսում է Հայաստանի շահերը»,- ասաց Սարգսյանը։