Գորգագործության արվեստը Արցախում
CultureԳորգագործությունը մեծ արժեք է ունեցել հայ ընտանիքների համար դեռ հնուց, երբ գորգն ընդունում էին որպես ծիսապաշտամունքային առարկա։ Այն կախում էին պատերից չար աչքից հեռու մնալու համար, իսկ գործելն ավարտելուց և տորիքից հանելու ժամանակ կատարվում էին ծիսական արարողություններ` նվիրատվություններ, հացկերույթներ և այլն։
Գորգագետ Աշխունջ Պողոսյանը «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի» կազմակերպած «Փորձագիտական դասընթացներ» եռամսյա ծրագրի շրջանակներում հերթական բանախոսությունն ունեցավ Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արհեստների թանգարանում։ Այս անգամ խորագիրը արցախյան գորգագործությունն էր, որի ընթացքում բացահայտվեցին ունկնդիրների համար շատ հետաքրքիր մանրամասներ. Պարզվում է` դեռ հնուց, երբ գորգերը ծիսապաշտամունքային առարկա էին հանդիսանում, այն թանկարժեք էր և ոչ բոլորին հասանելի։ «Գորգագործությամբ զբաղվել են արքունիքին , վանական խոշոր համալիրներին կից արհեստանոցներում, այնուհետեւ խոշոր նախարարական տների արհեստանոցներում, որոնք ունեցել են այդ նյութական և տարածքային հնարավորությունը»,-ասում է Պողոսյանը։ Խոսելով արցախյան գորգագործությունից` անհրաժեշտ է նշել, որ վիշապագորգերը ևս լայն տարածում են ունեցել, որոնց ծագումնաբանությունը կապվում է ոչ միայն Արցախի, այլեւ Սյունիքի գորգագործական կենտրոնների հետ, ինչը վկայում է «Գուհար» վիշապագորգերի վրա գրված արձանագրության ոճը, մասնավորապես «Ով կարդա, մեկ բերան օղորմի թող ասի» բանաձևը, որը բնորոշ էր տվյալ տարածաշրջանի ժողովրդի խոսքին։ Հայ բանահավաք, ազգագրագետ Երվանդ Լալայանը հիշատակում է, որ տնայնագործերը ունեին նախընտրելի եղանակ գորգագործության համար, դրանք ձմեռային ամիսներ էին, երբ բոլորն առաջնային գործում էին սեփական կարիքները հոգալու, հետո նոր պատվերների համար։ Հայերեն արձանագրությամբ գործված վիշապագորգերը վկայում են միջնադարում արցախյան գորգագործության մշակույթի զարգացման մասին,որն անկախ աշխարհաքաղաքական անցուդարձից ու փոփոխություններից փոխանցվել է դարից դար։ Ի վերջո, բանախոսության ավարտին ունկնդիրներին պարզ դարձավ` բացի այն, որ արցախյան գորգագործությունը մեծ ազդեցություն ունի գորգագործության արվեստում, արցախյան գորգագործական մշակույթի ավանդույթները բնակչության տեղափոխումների պատճառով արմատավորվել են նաև Կովկասի հարավ-արևելյան տարածաշրջաններում և հիմք են հանդիսացել գորգագործական նոր կենտրոնների առաջացմանը:
Հեղինե Մխիթարյան, ՀՊՄՀ Լրագրության բաժին