Գյուղից գյուղ փոխադրամիջոցից՝ օլիմպիական մարզաձև․ «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Բոբսլեյը ձմեռային սպորտաձև է, որն իրենից ներկայացնում է վայրէջք հատուկ երթուղով բոբերով՝ լոբու նմանվող սպորտային սահնակներով։ Այս սպորտաձևը սկիզբ է առել Շվեյցարիայի լեռներից և իր ստեղծմամբ պարտական է անգլիացի Ուիլսոն Սմիթին։ Պատմության մեջ առաջին անգամ 1888 թվականին է նա մտածել զույգ սահնակները միացնել իրար տախտակով և ստանալ բոբ-սահնակ։ Նա օգտագործել է այդ սարքավորումը Սենթ Մոր գյուղից Չերելինա գյուղ հասնելու համար, որը գտնվում էր լեռան լանջին՝ ավելի ցածր: 20-րդ դարի սկզբին բոբսլեյը դարձել է արիստոկրատների սիրելի զբաղմունքը։ Այն ժամանակի հետ ավելի ու ավելի մեծ տարածում է գտել եվրոպական տարբեր երկրներում։ Անցկացվել են բոբսլեյի տարատեսակ մրցումներ, իսկ ավելի ուշ՝ երկրների առաջնություններ։
Ժամանակի ընթացքում բոբ-սահնակները սկսել են մետաղից պատրաստել: Նրանց ավելի լավ աերոդինամիկական բնութագրեր տալու համար 1904 թվականից դրանց սկսել են շրջահոս ձև տալ: Բոբսլեյի տրեկը սառույցից պատրաստված սահանք է բետոնե բարձիկի վրա՝ բազմաթիվ շրջադարձերով: Դրանք չունեն ընդհանուր բնութագրեր տարբեր մրցումների և մրցաշարերի ժամանակ։ Երթուղու երկարությունը, կտրուկ շրջադարձերի քանակը, մեկնարկի և ավարտի գծերի բարձրության տարբերությունը, որպես կանոն, տարբեր են լինում։ Բոբսլեյները տրեկի վրա կարող են զարգացնել ավելի քան 100 կմ/ժ արագություն: Օլիմպիական մրցաշարերի ժամանակ թիմերը նույն տրեկով իջնում են 4 անգամ։ Հաղթում է այն թիմը, որը նվազագույն ժամանակ է ծախսում:
Բոբսլեյի մրցաշարերի անցկացման հիմնական կանոնները մշակվել են 19-րդ դարի վերջին «բոբսլեյի Մեքքայում»՝ շվեյցարական Սենթ Մորիցում։ Այստեղ է 1903 թվականին նախագծվել և կառուցվել աշխարհի առաջին բոբսլեյի տրեկը: Այն հիմա էլ մոլորակի միակ բնական տրեկն է: Սկզբում բոբսլեյի մրցաշարերում մասնակցել են բացառապես տղամարդիկ։ Միայն 2002 թվականին են մրցույթներին սկսել մասնակցել կանանց թիմերը։ 1924 թվականից սկսել են կազմակերպվել բոբսլեյի աշխարհի առաջնություններ։ Նույն ձմռանը Ֆրանսիայի Շամոնի քաղաքում տեղի են ունեցել 1-ին ձմեռային օլիմպիական խաղերը, և բոբսլեյը մտել է ծրագրի մեջ։ Բոբսլեյի միջազգային ֆեդերացիայի ստեղծման ամսաթիվը 1923 թվականի նոյեմբերի 23-ն է։ Դրա ստեղծման նպատակը բոբսլեյի տարբեր մրցաշարերի կազմակերպումն ու անցկացումն է եղել։ Բոբսլեյի մրցումները սովորաբար անցկացվում են երկտեղանի և չորստեղանի բոբ-սահնակներով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում