Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Մինսկի խմբի համանախագող երկրներին. Մովսես Հակոբյան
Ադրբեջանը զինադադարի կնքումից ի վեր փորձում է տարբեր ճանապարհներով լուծել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հօգուտ իրեն՝ շանտաժի ենթարկելով Մինսկի խմբի համանախագահող երկրներին, որոնք 20 տարիների ընթացքում փորձում են հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը: «Չնայած որ 22 տարի առաջ մենք կնքել ենք զինա դադար, բայց այդ զինադադարից հետո տարեցտարի աճում է լարվածությունը առաջին գծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Հակոբյանն ընդգծեց, որ Պաշտպանության բանակը պատերազմից հետո չի լուծարվել և հիշեցրեց, որ Ադրբեջանի խնդրանքով է զինադադարը կնքվել. իրենք են խնդրել ՌԴ-ին՝ միջնորդելու, որ հրադադար հաստատվի։ Պաշտպանության բանակը դրանից հետո սկսել է մի նոր փուլ, և այդ փուլի ընթացքում սկսել է բանակաշինության նոր գործընթաց: Պաշտպանության բանակի գործունեությունն ուղղված է նրան, որ հակառակորդին պարտադրի պատերազմ չսկսել։
Հակոբյանի խոսքով՝ 1992 թվականին ուժերի հարաբերակցությունը եղել է 1/20' հօգուտ Ադրբեջանի, այսօր ուժերի, միջոցների հարաբերակցությունը 1/2-ի է:
ՊԲ հրամանատարն ընդգծեց, որ ԼՂՀ-ում բոլոր այն քաղաքացիները, ովքեր ենթակա են զինապարտության, յուրաքանչուրը գիտի, թե պատերազմի ժամանակ որ ժամին որտեղ պիտի ներկայանա։ «Դա առանձնահատուկ է նրանով, որ մեր վաշտի հրամանատարների մոտ կա այդ զինապարտների հեռախոսահամարը, ով հարկ եղած դեպքում պիտի ներկայանա իր մոտ, և ամիսը մեկ անգամ իրենք հեռախոսազրույց են ունենում, հրամանատարը զանգում է՝ իմանալու ինչպես է տվյալ զինապարտը, արդյոք ամեն ինչ կարգին է, թե ոչ»,-ասաց ՊԲ հրամանատարը: