Երևանում բացվեց ազատասեր Սերգեյ Փարաջանովի արձանը
CultureՀունվարի 9-ին կինեմատոգրաֆիան տոնում է կինոռեժիսոր, դերասան Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակը։ Օրվա առթիվ Կինոյի տանը բացվեց Արա Ալեքյանի հեղինակած Փարաջանովի քանդակը, որը կառուցված էր երկաթե թափոններից ու տարատեսակ մեծ ու փոքր դետալներից։ Այս միջոցառմամբ զարկ տրվեց Փարաջանովի հոբելյանական ծրագրերի մեկնարկին, որն իր խոսքում առանձնացրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը.«Փարաջանովի ծննդյան միջոցառումները լինելու են ամբողջ տարվա ընթացքում, որի համար նախատեսել ենք 30 ծրագիր: Հոբելյանը նշելու ենք ոչ միայն Երևանում, այլև մարզերում և արտասահմանում։ ...Այս տարի մենք նաև փորձել ենք տարբեր մեր մեծերի բնագրերը միավորել, որովհետև նրանք որոշակի եզրերով միանում են միմյանց, և դրանով է՛լ ավելի հանրահռչակ է դառնում նրանց մշակույթը»։
ԿԳՄՍ նախարարն իր ելույթում նշեց, որ նրանց առաջարկն առ այն, որ քանդակը տեղադրվի Կինոյի տան դիմացի հրապարակում և այն անվանակոչվի «Նռան գույնի» հրապարակ, արդեն ուղարվել է Երևանի քաղաքապետարան. «Սա շատ բնութագրական կլինի թե՛ արվեստի նշանավորման միջոցով նշանակվելու մեր մաեստրոյին, թե՛ նաև մեր քաղաքի համար ստանալու ամենասիրված վայրերից մեկը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը։
Փարաջանովի գործերի, նրա հանճարեղության և տաղանդի մասին խոսում են բոլորը, ոգեշնչվում շատերը, որից բացառություն չէր նաև արվեստագետ Դավիթ Գալստյանի ցուցադրությունը փարաջանովյան մոտիվներով։
«Փարաջանովն իր հանճարեղությունը, անշուշտ, գիտակցում էր, ասում էր «ես հանճար եմ»...»,- լրագրողների հետ զրույցում ժպիտով կիսվում էր կինոռեժիսորին երկար տարիներ նկարահանած լուսանկարիչ և վավերագրող Սերգեյ Մեչիտովը, հավելելով, որ նա սիրում էր կյանքի ամեն օրը, իսկ մարդկանց փոխանցում ազատասիրությունն ու գեղեցիկի ընկալումը։
Հեղինե Մխիթարյան, ՀՊՄՀ Լրագրության բաժին