Ինչո՞ւ են դեռևս էկզոտիկ համարվող ըմպելիքը շփոթում թարխունի լիմոնադի հետ. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Հիմա աշխարհում առկա է գարեջրի մեծ քանակություն, մեծ տեսականի, բայց, չնայած դրան, ամեն տարի ավելի ու ավելի շատ նոր տեսակներ են հայտնվում: Ընդ որում, երբեմն շատ էկզոտիկ: Օրինակ՝ կա կաթից պատրաստված գարեջուր, կա նաև... բամբուկից պատրաստված գարեջուր, որն, ի դեպ, արագորեն մեծ ճանաչում է ձեռք բերում։ Բամբուկի գարեջուրը ծագել է Չինաստանում, որտեղ հին ժամանակներից մարդիկ կերել են բամբուկի տարբեր տեսակներ։ Եվ հարց է ծագել՝ ինչո՞ւ բամբուկից գարեջուր չարտադրել: Եվ արտադրվել է: Ժամանակակից աշխարհում նոր գաղափարներն ու տեխնոլոգիաներն արագորեն են տարածվում, և բամբուկի գարեջուրն արդեն հաջողությամբ եփվում է Եվրոպայում, Ամերիկայում և նույնիսկ Ռուսաստանում: Կանադայում նման գարեջուր սկսել են եփել դեռ 2012 թվականից։
Բամբուկի գարեջրի ամենակարևոր հատկանիշը նրա երանգն է՝ հարուստ զմրուխտագույնը։ Մեր հայրենակիցները հեշտությամբ կարող են նման գարեջուրը շփոթել թարխունի լիմոնադի հետ մինչև հոտն առնելը կամ համտեսելը։ Որոշ անբարեխիղճ արտադրողներ արդեն փորձում են կեղծել այդ հատկությունը՝ սովորական «բաց գույնի» գարեջրին ավելացնելով սննդի կանաչ ներկ: Կեղծը տարբերելը բավականին հեշտ է. պարզապես պետք է մի քիչ սպասել։ Բամբուկի գարեջրի գույնը ժամանակի ընթացքում մնում է անփոփոխ, իսկ գունավորված գարեջուրն արագ կորցնում է իր գույնի միատեսակությունը: Բամբուկի գարեջուրը պատրաստվում է Phyllostachys բամբուկի տերևներից, որոնք արդեն սկսել են այդ նպատակով հատուկ աճեցնել։ Աշնանը տերևները հավաքում են, չորացնում և մզվածք պատրաստում, որին հետո ավելացնում են հացահատիկային կախույթ։ Այնուհետ կախույթը մաքրում են, ֆիլտրում, ավելացնում խմորիչ և մի քանի շաբաթ խմորում։
Դրանից հետո գարեջուրը լցնում են տակառների մեջ ու պահում ցածր ջերմաստիճանում։ Հետագայում գարեջուրը կրկին ֆիլտրում են և լցնում տարաների մեջ։ Քանի որ բամբուկը բավարար քանակությամբ չի աճում արևմտյան երկրներում, անհրաժեշտ հումքը գնում են Չինաստանում և Ֆիլիպիններում։ Ի հավելումն խորքային ֆերմենտացված բամբուկի գարեջրի, երբեմն կարելի է հանդիպել նաև բամբուկի «էլի»: Բամբուկի գարեջուրն ունի անսովոր և շատ հաճելի համ, որն առաջին հերթին դուր է գալիս զովացուցիչ գարեջրի սիրահարներին։ Դրա մեջ ուժեղ դառնություն չկա, հստակ զգացվում է խոտային հետհամը։ Այդ գարեջրի թնդությունը կազմում է 4,5-5 %: Այն շատ լավ համադրվում է արևել յան խոհանոցի հետ, և ամբողջ աշխարհում էկզոտիկ խոհանոցի սիրահարներն են դարձել այդ փիրուզագույն գարեջրի հիմնական սպառողները։
Սուշին, չինական լապշան, ծովամթերքը և հարավ-արևել յան ասիական այլ ուտեստները հիանալի են համադրվում մեկ բաժակ բամբուկագարեջրի հետ: Բարմենները նույնպես գնահատել են նորույթը, և արդեն դրա հիման վրա բազմաթիվ կոկտեյլների բաղադրատոմսեր են մշակվել։ Բամբուկի գարեջուրը դեռ էկզոտիկ է, բայց բոլոր հնարավորություններն ունի հանրաճանաչ ըմպելիք դառնալու ամբողջ աշխարհում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում