«Ոչ ոք իր թողած դատարկությունը չի լցնում, Ապերիս տեղը դատարկ է». Գառնիկ Ֆիդանյանն անմահացել է Վարանդայում ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»
Interview«Փաստ» օրաթերթը գրում է.
Գառնիկի մասին զրուցել ենք հորեղբոր և նրա կնոջ հետ: Տիկին Նարինեն ասում է՝ իր որդու պես է սիրել Գառնիկին, իր երեխայից չի տարբերել նրան: «Փոքրիկ Գառնիկը շատ խելացի էր, շնորհքով, բարի, հոգատար, ընկերասեր:
Բնավորությամբ շատ հանգիստ էր, խրատներն ընդունող, մեծին հարգող, փոքրուց էլ մի ուրիշ տեսակի, յուրահատուկ երեխա էր: Սիրված ու հարգված էր բոլորի կողմից: Ինձ երբեմն ասում էր՝ դու իմ կյանքի ընկերն ես, ինձ շատ լավ ես հասկանում», - «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նարինեն՝ Գառնիկի հորեղբոր կինը: Գառնիկը, որին հարազատները մանկուց նաև Ապեր են դիմել, ծնվել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում։ «Մինչև 7-րդ դասարան հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը: Այնուհետև տեղափոխվել է Չարենցավան, այնտեղի դպրոցում շարունակել իր կրթությունը: Ավագ դպրոցին զուգահեռ նաև խոհարարություն էր սովորում, սովորելուն զուգահեռ նաև աշխատում էր: Շատ սիրում էր խոհարարությունը և իրեն պատկերացնում էր այդ մասնագիտության մեջ: Ասում էր՝ գնամ բանակ, վերադառնամ, իմ մասնագիտությամբ կաշխատեմ, նպատակը տուն «ստեղծելն» էր: Բայց չարաբաստիկ պատերազմը իր երազանքներն ու նպատակները կիսատ թողեց»:
Գառնիկը պարտադիր զինվորական ծառայության է զորակոչվել 2019 թ. դեկտեմբերի 25-ին: Ծառայության առաջին ամիսներն անցել են Արմավիրի ուսումնական զորամասում, եղել է որպես հետևակի մարտական մեքենայի ավագ նշանառու։ Այնուհետև տեղափոխվել է Արցախ, ծառայությունը շարունակել է Ստեփանակերտի Ցորի զորամասում՝ որպես հետևակի մարտական մեքենայի ավագ նշանառու։ Տիկին Նարինեն ասում է՝ Գառնիկն այնքան լավ էր տրամադրված ծառայությանը, սիրով է մեկնել բանակ: «Միշտ ասում էր՝ եթե պետք է, ուրեմն կգնամ ու կծառայեմ»: Հետո սկսվեց պատերազմը: Պատերազմական օրերի մասին Գառնիկի հորեղբայրը՝ պարոն Լեռնիկն է պատմում: Ասում է՝ երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, ինքը պայմանագրային զինծառայող էր:
«Այդ ընթացքում, երբ խոսում էինք իր հետ, ասում էր՝ հոպա՛ր, դուխով, չվախենաս: Ես՝ պատերազմ տեսած մարդ, 1992-94 թթ. մասնակցել եմ Արցախյան ազատամարտին, իրեն ասում էի՝ ես տեսել եմ պատերազմը, դու քեզ պինդ պահի, չվախենաս: «Հոպա՛ր, չէ՞ որ քո զավակն եմ, ինչի՞ մասին ես մտածում»: Երբ զանգում էր, զրուցում էինք իրար հետ, ինձ թվում էր, որ իմ երիտասարդ տարիներն են»: Բայց պատերազմի օրերին, ավաղ, հորեղբայրն ու Գառնիկը չեն հանդիպել, կարողացել են միայն հեռախոսով զրուցել: Պարոն Լեռնիկն ասում է, որ Գառնիկի զոհվելուց հետո, երբ եղել է Ցորում, տղաներից հարց ու փորձ է արել նրա մասին: «Ընդհանուր հաշվով երևի թե երեք ամիս է այնտեղ ծառայել, բայց բոլորը, ամբողջ գունդն իրեն գիտեր, ճանաչում էր: Շփվող էր, ընկերություն էր անում, երբեմն ասում եմ՝ մարդկանց իրար կապելու սովորություն ուներ: Վախ չուներ: Անընդհատ ուզում էր առաջ գնալ, կռիվը սկսվել էր, ու ինքը միայն դրա մասին էր մտածում՝ առաջ գնալու»: Պարոն Լեռնիկը վերհիշում է՝ եղբորորդու զինակից ընկերները չէին կարողանում իրեն ասել, որ Գառնիկը զոհվել է: Պատերազմի օրերին Գառնիկը հասցրել է լինել Մարտակերտում, Վարանդայում, որտեղ էլ հոկտեմբերի 12-ին զոհվել է:
«Զոհվելուց մեկ օր առաջ տղաները շրջափակման մեջ են եղել, մնացել են առանց հրամանատարի: Այդ ժամանակ իրենց հետ եղած տղաներից մեկը՝ Հայկը, վիրավորվել է: «Ապերս ու իր ընկերը, ճեղքելով շրջափակումը, փրկել են նրան, հասցրել շտապօգնության մեքենայի մոտ: Նարինեն հոկտեմբերի 11-ի երեկոյան զանգեց, ասաց, որ երեխուց տեղեկություն չկա, զանգեմ իրեն: Գառնիկի ընկերը զանգել ու ասել էր, որ նա վիրավորվել է: Ընկերը նաև ասել էր, որ վիրավոր վիճակում Գառնիկին տեղափոխել են շտապօգնության մեքենա: Նա հենց շտապօգնության մեջ էլ մահացել է: ԱԹՍ-ն է հարվածել, վիրավորում է ստացել սրտի հատվածում:Մի քանի հոսպիտալներ կային, որոնց հետ կապի էինք դուրս գալիս, բայց երեխուն չէինք գտնում: Հետո կապվեցի Երևան, ծանոթներ գտա, ասացի, որ Գառնիկը վիրավոր է, փորձեն գտնել:
Հայաստանում ու Արցախում բոլոր հնարավոր հիվանդանոցները զանգել ենք: Բայց երբ լուր ստացա, որ Գառնիկին որևէ հիվանդանոցում չեն կարողանում գտնել, ինձ համար ամեն ինչ պարզ էր, հասկացա, թե ինչ է եղել: Հուշեցի, որ Գառնիկին շարունակեն ոչ թե հիվանդանոցներում փնտրել, այլ դիահերձարաններում: Սա ասելը դժվար էր, բայց եթե անդառնալին էր եղել, ուրեմն, իրեն պետք է շուտ գտնեինք»,պատմում է հորեղբայրը: Գառնիկը շուտ է տուն «վերադարձել»: Իսկ հիմա ընտանիքն ապրում է Գառնիկից հետո մնացած դատարկության հետ: Հորեղբայրն ասում է. «Իմ որդին հիմա ծառայում է բանակում: Ու հիմա հատկապես հիշում եմ իրենց մանկությունը, միասին անցկացրած ժամանակը, թե ինչեր ենք միասին արել, թե տղաներն ինչպես են միասին ընկերություն ու եղբայրություն արել: Շատ ծանր է»: Զրույցին միանում է տիկին Նարինեն. «Դպրոցում անգամ ուսուցիչները հաճախակի են հիշում Գառնիկին: Մենք էլ տան ամեն սենյակում, անկյունում կարծես իրեն փնտրենք, հիշենք, թե ինչեր էր անում: Ոչ ոք իր տեղը չի լրացնում, իր թողած դատարկությունը չի լցնում: Ամեն մեկն իր տեղն ունի, Ապերիս տեղը դատարկ է»:
Հ. Գ. - Գառնիկ Ֆիդանյանը Արցախի Հանրապետության կողմից հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Գեղարքունիքի մարզում՝ Ծափաթաղ գյուղի գերեզմանատանը: Ակնալիճում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին խաչքար է տեղադրվել, այնտեղ անմահացել է նաև Գառնիկի անունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում