10 մլն արևային վահանակ Հնդկաստանին
EconomicsՀնդկաստանի կառավարությունը ծրագրում է 10 միլիոն բնակելի տների վրա արևային վահանակներ տեղադրել՝ անվճար էլեկտրաէներգիայի մշակման համար։
Երկրի ֆինանսների նախարար Նիրմալա Սիտարամանի խոսքով՝ 10 միլիոն տնային տնտեսություններ այս նախագծով հնարավորություն կստանան ամեն ամիս անվճար ստանալ մինչև 300 կիլովատ էլեկտրաէներգիա։ Ցանկացած տնային տնտեսության դա թույլ կտա 180-ից 217 դոլար տնտեսել, ոչ միայն էլեկտրաէներգիա օգտագործելու, այլ նաև արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը հոսանքի բաշխիչ կայաններին վաճառելու շնորհիվ։
Նախագիծն արդեն ընդգրկվել է երկրի նախնական բյուջեում, որը սկսվելու է ապրիլի մեկից։
Հնդկաստանը նույնիսկ բավականին մեծ քանակությամբ արևային վահանակներ է արտադրել, յուրաքանչյուրը 10 կիլովատ հզորությամբ, և հենց դրանք են տեղադրվելու, կարող են տեղադրվել թե՛ մարտկոցով, թե՛ առանց մարտկոցի։ Առանց մարտկոցի տեղադրելու դեպքում դրանք միացվելու են ընդհանուր բաշխիչ ցանցին, և էլեկտրաէներգիայի ավելցուկը վաճառվելու է։ Նախարարը նախագծի իրականացման մանրամասները չի հայտնել, սակայն նշել է, որ պետական ծրագրի միջոցով պետությունը մտադիր է վճարել ծախսերի 40 %-ը, մնացած 60 %-ը վճարելու են տնային տնտեսությունները, ինչը վկայում է, որ այս նախագիծն ամենևին էլ խոցելի խավերի և աղքատների համար չէ, այլ ավելի շատ հնդկական չափորոշիչներով՝ միջին խավի։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Անահիտ Մանուկյան