«Հրապարակ». Մարզային բժիշկների աշխատավարձը նվազել է
Օգոստոսի 1-ին, իր պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հպարտորեն հայտարարեց, որ հուլիսի 1-ից բարձրացել են բժիշկների եւ բուժքույրերի աշխատավարձերը, իսկ Հ1-ի եթերում էլ վերջերս գլուխ էր գովում, որ բուժքույրերի աշխատավարձը 10 տոկոսով բարձրացել է: Բայց երբ բուժհաստատությունները հաշվարկներ կատարեցին, պարզվեց, որ աշխատավարձի բարձրացումն ուղղակի փուչիկ է, որը պայթեց հատկապեց մարզային պոլիկլինիկաներում եւ դժգոհության ալիք առաջացրեց ամբուլատոր աշխատողների, բուժքույրերի, ընտանեկան բժիշկների շրջանում: Աշխատանք կորցնելու վտանգի առաջ նրանցից քչերն են հանդգնում խոսել այս մասին, այն էլ լրագրողների հետ: Գրում է «Հրապարակ»-ը:
Երեկ մեզ հետ կապվեցին Կապանի բժշկական կենտրոնի աշխատակիցները եւ պատմեցին, որ ավելի քան 45 հազար բնակիչ սպասարկող այս հաստատությունում եւ հատկապես դրան կից գործող տարածքային պոլիկլինիկայում լարված իրավիճակ է: Բուժքույրերի եւ բժիշկների աշխատավարձը կրճատել են: Նախկին 48 հազարի փոխարեն մի քանի ամիս նրանք ստացել են 30 հազար: Պոլիկլինիկայի աշխատակիցները գանգատվում էին, որ տնօրենը' Սմբատ Օրբելյանը, որը, ի դեպ, առողջապահության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի հայրն է, ստիպում է բուժքույրերին նոր պայմանագրեր ստորագրել, որոնց մեջ իրենց աշխատավարձը նշվում է 30 հազարի չափ: Մարդիկ դժգոհում էին նաեւ տնօրենի կոպիտ պահվածքից, իրենց կենդանիների անուններ տալուց:
«Մեզ ասում է՝ ոչխար, անասուն, դա բոլորը գիտեն»,- բողոքում էին կանայք, որոնք վստահ էին, որ նախարարը չգիտի, թե ինչ «օյին է բերում» տնօրենն իրենց գխին, եւ ցանկանում էին մեր միջոցով հայտնել այս ամենի մասին: «Ես ձեզ տղամարդու պես ասում եմ, չի եղել նման բան, եթե պետք է՝ երդվեմ, Ավետարան բերեմ: Չի համապատասխանում իրականությանը»,- հերքեց Սմբատ Օրբելյանը, որի հետ զրույցից այնքան տագնապալի վիճակ ուրվագծվեց, որ էթիկական խնդիրը երկրորդական թվաց: Սմբատ Օրբելյանը չժխտեց, որ իր աշխատակիցների աշխատավարձերը նվազել են, բացատրելով սա խաղի նոր կանոններով, այսինքն նրանով, որ փոխվել է ֆինանսավորման ձեւը՝ պայմանավորված սպասարկվող բնակչության թվի կրճատմամբ: «Դա իմ որոշումը չի,- բացատրեց Սմբատ Օրբելյանը,- պոլիկլինիկաների բուժանձնակազմը վարձատրվում է ըստ այն մարդկանց քանակի, ովքեր ընտրել են տվյալ բժշկին, այսինքն, ըստ հավաքագրված բնակչության թվի: Իսկ այդ բնակչությունը, ըստ վերջին հաշվարկների, նվազել է: 11 հազար մարդ է պակասել: Մոտավորապես Սիսիանի չափ ազգաբնակչություն պակասել է մեզ մոտ: