Արդյո՞ք շատ մեծ տարբերություն կա «մշակված» և «կենդանի» գարեջրի միջև. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Երևի հաճախ եք լսել «կենդանի գարեջուր» արտահայտությունը: Իսկ ի՞նչ է այն: Նախ՝ նշենք, որ Հայաստանում նման գարեջուրը ժողովրդի մեջ կոչվում է չանի գարեջուր, այսինքն՝ անմիջապես հասունացման ամանից՝ չանից հանված: Գարեջուրը, որը կոչվում է «կենդանի», կարելի է սրճարաններում կամ ռեստորաններում պատվիրել գավաթով, իսկ խանութներից գնել ապակե կամ պլաստմասսե շշերով: Միևնույն ժամանակ, տեխնոլոգիական կանոնակարգում «կենդանի գարեջուր» հասկացություն չկա։ Այդ դեպքում ի՞նչ նկատի ունեն նման գարեջուր արտադրողները։ Գաղտնիք չէ, որ խմորիչը հսկայական դեր է խաղում գարեջրի արտադրության մեջ։ Իրականում հենց նրանք են գարեջուրը խմորում։ Հետևաբար, ցանկացած թարմ գարեջուր կենդանի է, այսինքն՝ խմորիչը շարունակում է իր «գործը»:
Բայց և հենց այդ պատճառով նման ըմպելիքը չի կարելի երկար պահել։ Գարեջրի պահպանման ժամկետը մեծացնելու համար արտադրողները օգտագործում են մի քանի տեխնոլոգիաներ՝ պաստերիզացում (ջերմային մշակում), ֆիլտրում և կոնսերվացում (կոնսերվանտները ճնշում են միկրոօրգանիզմների կենսագործունեությունը)։ Գարեջրի գիտակները վստահ են, որ այդ բոլոր մեթոդները բացասական են անդրադառնում ըմպելիքի համի վրա։ Այսինքն, «կենդանի գարեջուր» ասելով՝ գիտակները նկատի ունեն չմշակված խմիչքը։ Առաջին հայացքից ամեն ինչ պարզ է, և «կենդանի» ըմպելիքի մեջ ոչ մի երկիմաստ բան չկա։ Բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Գարեջուր արտադրող ընկերությունների համար ձեռնտու չէ գարեջուր արտադրել, որի պահպանման ժամկետն ընդամենը մի քանի օր է։ Խոսքը հսկայական ծավալներով գարեջուր արտադրող կոնցեռնների մասին է։ Եվ այստեղ կարող է հարց առաջանալ՝ ինչպե՞ս կարող է խանութների դարակներում լինել «կենդանի գարեջուր», որը կարելի է պահել մեկ ամսից ավելի։ Պատասխանը պարզ է. դա ընդամենը մարքեթինգային հնարք է:
Գարեջուր արտադրողները գեղեցիկ տառատեսակով գրում են պիտակների վրա, որ իրենց գարեջուրը պաստերիզացված չէ (և նրանք այդ դեպքում անկեղծ են), բայց ինչ-որ տեղ անկյուններում անպայման կգտնեք մանրատառով գրություն, որ գարեջուրը զտված է կամ պարունակում է կոնսերվանտներ։ Հարկ է նշել, որ այդ «կենդանի գարեջրի» նկատմամբ հատուկ ուշադրությունը և այն համոզմունքը, որ այն ինչ-որ առանձնահատուկ համ ունի, նկատվում է հիմնականում հետխորհրդային տարածքում։ Իրականում որոշ դեպքերում անհնար է տարբերակել սովորական գարեջուրն իր «կենդանի» գարեջրից։ Այնուամենայնիվ, ինչպես ամենուր, այնպես էլ մեզ մոտ կարելի է փորձել գարեջուր, որը չի ենթարկվել ոչ մի վերամշակման։ Փոքր արհեստագործական գարեջրատներն են այսօր հաճախ առաջարկում նման գարեջուր: Նման մինի գործարանների փոքր ծավալները հնարավորություն են տալիս արտադրել շուտ փչացող ապրանք, քանի որ այն ավելի արագ է վաճառվում, քան հասցնում է փչանալ։ Արևմուտքում գարեջրի նման գործարանները բավականին տարածված են:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում