Գոլֆ. հովիվների զվարճա՞նք, թե՞ էլիտար մարզաձև. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Գոլֆը տղամարդկանց սպորտաձև է, որտեղ խաղացողների խնդիրն է մականների հարվածների օգնությամբ փոքրիկ գնդակը գցել անցքի մեջ: Հաղթում է նա, ով գնդակը գցում է անցքի մեջ ամենաքիչ հարվածներով: Իսկ որտեղի՞ց է առաջացել նման անսովոր խաղը: Զարմանալի է, բայց ոչ ոք չգիտի գոլֆի ծագման ճշգրիտ տարեթիվը: Այդ մասին բազմաթիվ հակասություններ կան։ Ենթադրվում է, որ այդ սպորտաձևն իր արմատներով Շոտլանդիայից է, որտեղ միջնադարում հովիվներն այդ կերպ զվարճանում էին: Սակայն այն, որ գոլֆը ծագել է Շոտլանդիայում, բավական հաճախ հերքվում է։ Այդ վարկածի փոխարեն այլ ենթադրություն կա, որ գոլֆը հայտնվել է Հռոմում, որտեղ խաղի համար օգտագործվել է փետուրներով լցոնված գնդակ, ինչպես նաև կոր փայտեր։
Չնայած խաղալու նման մեթոդը դժվար է և անիրագործելի, բայց այդ վարկածը «կյանքի իրավունք» ունի: Ենթադրվում է նաև, որ գոլֆը ծագել է Չինաստանում Մինգ դինաստիայի օրոք: Սակայն սրանք բոլորը ենթադրություններ են, որոնցով չպետք է առաջնորդվել այդ խաղի մասին խոսելիս։ Խոսելով գոլֆի պատմության մասին՝ հարկ է նշել մեկ իրադարձություն. դեռևս 1297 թվականին Հոլանդիայում են հայտնվել տվյալներ գոլֆի նման խաղի մասին: Այդ խաղում հոլանդացիներն օգտագործել են մական և կաշվե գնդակ, կանոնները նույնն են եղել՝ նվազագույն քանակի հարվածներով գնդակը գցել անցքի մեջ: Որպես կանոն, գնդակից մինչև թիրախ հեռավորությունը եղել է մի քանի հարյուր մետր։ Չնայած այս բոլոր տարակարծություններին, մի բան հստակ է. ժամանակակից գոլֆ խաղը ծագել է Շոտլանդիայում 15-րդ դարում։
Դրան զուգահեռ հայտնվել են գոլֆի մականները, որոնցով խաղացողները կարող էին կատարելագործել իրենց հմտությունները: Ինչ-որ մեկը խաղացել է հաճույքի համար, ինչ-որ մեկի համար դա շատ ավելին է եղել, քան պարզապես զվարճանալը: Այսպես, թե այնպես, ի դեմս գոլֆի՝ սպորտում նոր ուղղություն է բացվել: Շոտլանդիայում մարդիկ հաճախ այնքան կախված են եղել այդ խաղից, որ նվիրվելով միայն դրան՝ մոռացել են իրենց պարտականությունների մասին: Այդ ամենը իզուր չի եղել, քանի որ շուտով շոտլանդական քաղաքների միջև սկսել են անցկացվել մրցաշարեր, որտեղ վարպետներն իրենց ողջ ուժն են ներդրել հաղթելու համար։ 19-րդ դարի վերջում գոլֆը միջազգային հանրաճանաչություն է ձեռք բերել, խաղի նկատմամբ կիրքը տարածվել է սկզբում Անգլիայում, այնուհետև ամբողջ աշխարհում:
Ընդհանրապես ընդունված է, որ գոլֆի դաշտը պետք է ունենա 18 անցք: Բայց միշտ չէ, որ այդպես է եղել և ոչ բոլոր երկրներում։ Որոշ տեղեր անցքերի թիվը կարող էր լինել 15, մյուսում՝ 11 և այլն: Ամեն ինչ կախված էր այն տեղանքից, որտեղ գտնվում է դաշտը: Այժմ ստանդարտ տարբերակն այն դաշտն է, որի վրա կա 18 անցք: Մշտապես կատարելագործվել են նաև գոլֆի սարքերը: Մականներն ի սկզբանե փայտից էին, բայց 19-րդ դարին մոտ դրանք սկսեցին մետաղից պատրաստել։ Գոլֆի առաջին գնդակները եղել են փայտե, 17-րդ դարում հայտնվել են սագի փետուրներով լցոնված կաշվե գնդակներ։ Եվ միայն 20-րդ դարում է ի հայտ եկել, այսպես կոչված, «կոշտ» գնդակը, որի պատրաստման համար օգտագործվում են սինթետիկ խեժեր։
Եզրափակելով՝ պետք է ասել, որ գոլֆը տարածված և արդիական է մինչ օրս: Տարբեր երկրների մարդիկ են ժամանակ տրամադրում նման ժամանցի համար։ Ոմանց համար դա հանգստանալու, լիցքաթափվելու և հույզերի փոթորիկ ստանալու միջոց է, ոմանց համար՝ պրոֆեսիոնալ սպորտ։ Այսպես, թե այնպես, գոլֆը հիմա էլ չի կորցնում իր դիրքը՝ անընդհատ ձեռք բերելով այդ խաղի նորանոր սիրահարներ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում