Էկոնոմիկայի նախարարի թեկնածու դեռ չունեն
AnalysisԷկոնոմիկայի նախարարի պաշտոնից Վահան Քերոբյանի ազատումից մեկ շաբաթ անց առայժմ Էկոնոմիկայի նախարարի նոր թեկնածու չկա։ Մամուլը մի քանի անուններ է նշում, ովքեր կարող են զբաղեցնել այդ պաշտոնը, սակայն Քաղպայմանագրում և հատկապես իշխող ուժի վարչությունում դեռ չեն կարողացել կողմնորոշվել։
Նախօրեին տեղեկություն է տարածվել, թե այդ պաշտոնը կարող է զբաղեցնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը։ Վերջինս անմիջապես հերքել է նշված տեղեկությունը, բացառել, որ իրեն կարող են նշանակել նախարարի պաշտոնում։
Ըստ որոշ տեղեկությունների՝ քննարկում են նաև պետեկամուտների կոմիտեի փոխնախագահի պաշտոնից ազատված Արտյոմ Սմբատյանի թեկնածությունը։ Հատկապես երեկ նրա պաշտոնազրկումից հետո, այդ տեղեկությունները սրվեցին։ Սմբատյանը բավականին ջերմ հարաբերություններ ունի իշխող ուժի ներկայացուցիչների հետ և նրան հաստատապես, առանց նոր պաշտոնի չեն թողնի։
Քաղպայմանագրում առայժմ տեղյակ չեն, թե ում է Փաշինյանը մտադիր նշանակել նախարարի պաշտոնում։ Գործող փոխնախարարներից որևէ մեկի թեկնածությունը չեն էլ ցանկանում քննարկել՝ հասկանալով, որ նրանք չունեն բավարար ազդեցություն և մասնագիտական հմտություններ նախարարի պաշտոն զբաղեցնելու համար։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախարարի պաշտոնի նշանակման հարցում հստակություն կլինի առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում, որից հետո էլ տեղի կունենա նշանակումը։ Էկոնոմիկայի նախարար նշանակելուց հետո, Փաշինյանն արդեն անցնելու է պետական այլ կառույցներում զտումներին, մի քանի նախարարներ էլ սպասում են ազատման իրենց հերթին։
Սաթենիկ Մուրադյան