Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի՝ Փաշինյանի նվնվոցի տակ
AnalysisԸնդամենն օրեր առաջ Մյունխենում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Իլհամ Ալիևի հետ, որից հետո Գերմանիայի կանցլեր Շոլցը հայտարարել էր, թե կողմերը կառուցողական մթնոլորտում պայմանավորվել են հարցերը լուծել ոչ ռազմական բախման միջոցով։ Երեկ արդեն Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Ֆրանս 24» հեռուստատեսությանը, հայտարարել, թե Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Ըստ Փաշինյանի՝ Իլհամ Ալիևը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա, այլ ձգտում է նոր տարածքներ զավթել Հայաստանից։ Որ Ադրբեջանն ունի նման նկրտումներ, նույնիսկ Իլհամ Ալիևը չի թաքցնում՝ հայտարարելով, թե մտադիր չեն դուրս գալ Հայաստանից օկուպացված տարածքներից՝ հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներից։
Փաշինյանի հարցազրույցն իրականում մեկ նպատակ է հետապնդում, Մյունխենում տեղի ունեցած հանդիպումներից հետո հնարավոր էսկալացիայի ամբողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա և ապահովագրել ինքն իրեն։ Ավելին, ողջ հարցազրույցի ընթացքում միայն Փաշինյանի նվնվոցն է լսվել՝ ըստ որի Ադրբեջանը նոր պատերազմ է սկսելու։
Ադրբեջանի ԱԳՆ-ն անհիմն է որակել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, միևնույն ժամանակ Ադրբեջանը հաղորդագրություն է տարածել, թե իբր երեկ առավոտյան Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի վրա՝ Գեղարքունիքի մարզի և Քարվաճառի շրջանի սահմանագծին Ադրբեջանցիները հայտարարել են, թե իբր իրենց զսպվածություն են դրսևորել, սա էլ նոր տեխնոլոգիա է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից, միջազգային հանրությանը ցույց տալ, թե իբր հայերն են խախտում հրադադարը, իսկ իրենք զերծ են մնում պատասխանելուց։
Մի քանի նման հայտարարություն անելուց հետո, Ադրբեջանը փորձելու է լեգիտիմ հիմքեր ստեղծել Հայաստանի դեմ նոր ռազմական էսկալացիա հրահրելու և Երևանին որպես մեղավոր մատնանշելու համար։
Նելլի Մանուկյան