Օքսֆորդի գիտնականները բարձրացնում են արևային վահանակների արդյունավետությունը
EconomicsՕքսֆորդի համալսարանը հայտարարել է, որ գերազանցել է ամենաարդյունավետ արևային մարտկոցի ստեղծման համաշխարհային ռեկորդը: Գերմանիայի Ֆրաունհոֆերի արևային էներգիայի համակարգերի ինստիտուտի հետ համագործակցութամբ Oxford PV ընկերությունը մշակել է արևային վահանակ, որի էներգիայի փոխակերպման արդյունավետությունը կազմում է 25 %, այսինքն՝ վահանակին հասած արևային էներգիայի 25 %-ը վերածվում է էլեկտրաէներգիայի: Սա բավականին բարձր ցուցանիշ է` համեմատած առևտրային արևային մարտկոցների սովորական (16-24 %) ցուցանիշի հետ:
Oxford PV-ն օգտագործել է պերովսկիտի և սիլիցիումի վրա հիմնված տանդեմային արևային բջիջներ, որոնք տեսականորեն կարող են հասնել ավելի քան 43 % արդյունավետության՝ առաջ անցնելով ավանդական սիլիկոնային արևային բջիջներից, որոնք տեսական առավելագույն սահմանը 30 %-ից պակաս է։ Փորձարկման ժամանակ 1,68 քառակուսի մետր մակերեսով վահանակն արտադրել է 421 Վտ հզորություն: Արդյունավետության ռեկորդային ցուցանիշը հասել է 28,6 %-ի, և ընկերությունը նպատակ ունի այն հասցնել 30 %-ի և ավելի։
Oxford PV-ն օգտագործել է ստանդարտ սարքավորումներ և բազմասպեկտրալ արևային սիմուլյատոր: Ընկերության տեխնոլոգիական հարցերով գլխավոր տնօրեն Քրիս Քեյսը հայտնել է, որ 2024-ին կընդլայնեն արտադրությունը և գործարան կկառուցեն մեծ ծավալով տանդեմային արևային բջիջներ արտադրելու համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ում Վերականգնվող էներգիայի ազգային լաբորատորիայի գիտնականները հետազոտություն են անցկացրել գրեթե 2500 արևային էլեկտրակայաններում և պարզել, որ չնայած մտահոգություններին, ֆոտովոլտային համակարգերից շատերը տարիների ընթացքում նվազագույն վնաս են կրել եղանակային արտակարգ պայմաններից և դրա հետևանքով ենթարկվել են որոշակի դեգրադացիայի, ինչը համապատասխանում է սպասելիքներին։
Հայաստանն արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն ունի՝ «Սոլարոնը»։
Աննա Մանուկյան