Մեծ շեփոր. ասորակա՞ն, չինակա՞ն, թե՞ եվրոպական գործիք . «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Տրոմբոնը փողային երաժշտական գործիք է: Եվրոպայում այն հայտնի է եղել սկսած 15րդ դարից: Չնայած ավելի հնում էլ մարդիկ ստեղծել են մետաղյա խողովակներով երաժշտական գործիքներ, որոնք ունեցել են կոր և ուղիղ հատվածներ: Հենց դրանք էլ համարվում են տրոմբոնի հեռավոր նախնիները: Օրինակ՝ ասորական եղջյուրը, կամ բրոնզե մեծ և փոքր խողովակներից պատրաստված գործիքները, որոնք օգտագործվել են Հին Չինաստանի դատարաններում և ռազմական արշավների ժամանակ: Հին եվրոպական մշակույթում ևս կան այդ երաժշտական գործիքի նախատիպերը: Հին Հունաստանում դա սալպինքսն է՝ մետաղից պատրաստված ուղիղ խողովակը, Հռոմում ՝ tuba directa-ն, ցածր ձայնով սրբազան շեփորը:
Պոմպեյի պեղումների ժամանակ (ըստ պատմական տեղեկությունների, մ.թ.ա. 79 թվականին այդ հին հունական քաղաքը թաղվել է Վեզուվի հրաբխի մոխրի տակ) հայտնաբերվել են տրոմբոնի նմանությամբ մի քանի բրոնզե գործիքներ, ամենայն հավանականությամբ, դրանք «մեծ» փողաբերանով, երբեմն ոսկյա և թանկարժեք քարերով զարդարված շեփորներ են եղել: Իտալերենից թարգմանաբար «տրոմբոն» նշանակում է «մեծ շեփոր»: Կուլինյան շեփորը (sakbut) տրոմբոնի անմիջական նախնին է: Այդ գործիքում խողովակը հետ ու առաջ տեղափոխելով՝ նվագողը կարող էր փոխել գործիքի մեջ առկա օդի ծավալը, ինչը հնարավորություն էր տալիս հանել ձայներ, որոնք կոչվում են քրոմատիկ ձայնաշարքեր:
Տեմբրով հնչյունը նման էր մարդկային ձայնի տեմբրին, ուստի այդ երաժշտական գործիքները լայնորեն օգտագործվել են եկեղեցական երգչախմբերում ձայնը ուժեղացնելու և ցածր ձայները կրկնօրինակելու համար: Սակբուտը (ըստ էության, տրոմբոնը) մի քիչ ավելի փոքր է եղել ժամանակակից տրոմբոնից և ունեցել է տարբեր ռեգիստրային հնչյուններ (բաս, տենոր, սոպրանո, ալտ): Հենց այդ գործիքի վերջնական տեսքի բերելն ու բարելավելն է խթան հանդիսացել մեզ հայտնի ժամանակակից տրոմբոնի առաջացման համար: Նվագախմբերում լինում է հիմնականում երեք տեսակի տրոմբոն՝ ալտ, տենոր, բաս: Դրանց միաժամանակ հնչողության արդյունքում ստացվում է մութ և մռայլ տեմբր, դա առաջացնում է մի տեսակ կապ գերբնական, հզոր ուժի հետ, և ընդունված է այն օգտագործել օպերային ներկայացման խորհրդանշական դրվագներում:
Տրոմբոնը սիրված է եղել Մոցարտի, Բեթհովենի, Գլ յուկի, Վագների, Չայկովսկու, Բեռլիոզի կողմից: Ժամանակի ընթացքում այն լայն տարածում է ստացել բազմաթիվ շրջիկ երաժիշտների և նվագախմբերի շնորհիվ, որոնք շրջագայել են Եվրոպայում և Ամերիկայում: Ռոմանտիզմի դարաշրջանում շատ կոմպոզիտորներ են ուշադրություն դարձրել տրոմբոնի ակնառու հնարավորությունների վրա: Գործիքի մասին ասվել է, որ այն օժտված է հզոր, արտահայտիչ, վսեմ ձայնով, այն սկսել են ավելի հաճախ օգտագործել երաժշտական մեծ համերգներում: 19-րդ դարի առաջին կեսին մեծ տարածում են գտել տրոմբոնային մենահամերգները: Ստեղծվել են տրոմբոնի համար գրված մեծ թվով ստեղծագործություններ: Մեր օրերում էլ տրոմբոնի նկատմամբ հետաքրքրության պակաս չկա, բացի այդ, ներկայում կրկին հետաքրքրություն է առաջացել հնագույն սակբուտի (հին տրոմբոնի) նկատմամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում