Կոշիկներ, որ միավորում են գրեթե բոլորին. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Կեդերը ոճային և գործնական կոշիկներ են, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել սպորտի համար։ Ժամանակի ընթացքում այդ սպորտային կոշիկները դարձել են ամենօրյա կոշիկներ։ Keds անունը ծագել է անգլերեն «kid» (երեխա) և «peds» (հետիոտն) բառերից: Կեդերի ստեղծման գաղափարը պատկանում է բրիտանացիներին: Դեռ 1860 թվականին նրանք օգտագործել են ռետինե ներբանով առագաստի կտորից թեթև կոշիկներ կրիկետ խաղալու համար։ Կաուչուկի օգտագործումը՝ որպես ներբան, առաջարկել է գյուտարար Չարլզ Գուդիերը, որն իր հերթին փոխառել է այդ նորամուծությունը Հարավային Ամերիկայի հնդկացիներից, որոնք կոշիկների համար ներբաններ են պատրաստել hevea ծառի սառեցված հյութից, որը լավ պաշտպանել է նրանց ոտքերը վնասվածքներից։
Կեդերի պատմությունն սկսվել է 1892 թվականից, երբ ռետինե տակով կոշիկներ արտադրող մի քանի փոքր գործարաններ միավորվել են՝ ստեղծելով U.S. Rubber Company ընկերությունը: 1916 թվականին այդ ամերիկյան ընկերությունը սկսել է կեդեր արտադրել Keds ապրանքանիշի ներքո: Հենց այդ ամերիկյան արտադրողն էլ եղել է այդ նոր կոշիկների արտադրության միակ առաջատարը երկար տասնամյակներ շարունակ: Վաճառքի գագաթնակետը եղել է 1917 թվականին, երբ ընկերության հիմնադիր Մարկուս Կոնվերսը թողարկել է հատուկ բասկետբոլի համար նախատեսված կեդերի առաջին խմբաքանակը։ 1919 թվականին ամերիկյան բասկետբոլի լեգենդ Չակ Թեյլորը ոչ միայն դարձել է այդ նոր ապրանքանիշի դեմքը, այլ նաև առաջարկներ է արել այն կատարելագործելու համար, ի մասնավորի՝ առաջարկել է ներսից կլոր շերտեր ավելացնել կոճերը պաշտպանելու համար: Բացի մարզիկներից, կեդերի ժողովրդականությունը աճել է նաև երիտասարդների շրջանում։ Կոշիկի դիզայնը անընդհատ փոխվել է։ Հարմարավետ ներբանները, անընդհատ փոփոխվող դիզայնը և ցածր գները կեդերը դարձրել են մատչելի: Ճիշտ է, պատերազմից հետո սպորտային կոշիկների ժողովրդականությունն սկսել է նվազել։
Ճապոնիայում 1951 թվականին հայտնվել են կեդերի սեփական անալոգները, որոնք որոշ չափով տարբերվում էին ամերիկյան տարբերակից։ Կիհաչիրո Օնիցուկան թողարկել է OKBasketball կեդերը: Որպես հիմք նա վերցրել է ութոտնուկի ներծծող բաժակների սկզբունքը, որը բասկետբոլի խաղահրապարակում ներբանին տալիս է լրացուցիչ շփման ամրություն: 1966 թվականին արտադրողները, ցանկանալով վերակենդանացնել նախկին ժողովրդականությունը, առաջարկել են կեդերի նոր ոճեր՝ բարձր, դասական, ցածր, նաև ստեղծվել է սուպինատորների համակարգը: Սպորտային կոշիկները հայտնի են դարձել ոչ միայն մարզիկների, այլ նաև երաժիշտների շրջանում՝ դառնալով պանկ մշակույթի խորհրդանիշ։ Դրանք ազատության զգացում էին տալիս շարժման մեջ, ծառայում էին որպես ինքնարտահայտման միջոց, փախուստ դոգմայից և կարծրատիպերից։ ԽՍՀՄ-ում սպորտային կոշիկներ կարելի էր գնել ցանկացած սպորտային խանութում։
Դրանք հայտնի էին մարզիկների և զբոսաշրջիկների, դպրոցականների և ուսանողների, երեխաների և մեծահասակների շրջանում: Խորհրդային կեդերի ներբանը սպիտակ էր կամ կարմիր, կարերը պարզ երևում էին, վերին մասը կապույտ էր կամ սև, կապիչները սպիտակ էին և վերջանում էին մետաղական ծայրերով, կոճերը պաշտպանելու համար կային կլոր շերտեր: Մեր օրերում կեդերը ոչ միայն սպորտային կոշիկներ են, այլ նաև ամենօրյա։ Դրանք լինում են բոլոր տեսակի ոճերի և գույների: Կեդերի տեսակների առատությունը ապշեցուցիչ է։ Դրանց միավորում են միայն պարտադիր տարրերը՝ ճկուն ներբանները և կապիչները։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում