Տհաճ, բայց օբյեկտիվ միջադեպ Եռաբլուրում
AnalysisԵրեկ Եռաբլուրում սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 65-րդ տարելիցի նշումն աչքի ընկավ տհաճ մի միջադեպով, որը, սակայն, օբյեկտիվ էր։ Լրագրողները Վազգեն Սարգսյանի եղբորը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին, հարցրեցին, թե ինչպե՞ս է կանգնում Նիկոլ Փաշինյանի կողքին, երբ այդ իշխանությունը հանձնել է Վազգեն Սարգսյանի պահած Արցախը։ Դիտարկմանը, թե համագործակցում է այն իշխանության հետ, որը թաղել է իր եղբոր ազատագրած Արցախը, Արամ Սարգսյանը պատասխանեց զայրացած մեկնաբանություններով, ընդհուպ վիրավորանքներ հասցնելով լրագրողներին, մեղադրելով 5000 դրամով քվեները ծախելու, վճարված լինելու և այլ մահացու մեղքերի մեջ։
«Հանրապետություն» կուսակցության նախագահը նաև ճողոպրեց լրագրողներից՝ այդպես էլ հստակ պատասխան չտալով։ Իհարկե, կարելի էր տարբեր կերպ գնահատել տեղի ունեցած միջադեպը, սակայն այն լիովին արտացոլում է այսօրվա իրավիճակը։ Ի վերջո Վազգեն Սարգսյանի եղբայրն ինքը պետք է հասկանա, որ ցանկացած պարագայում իրեն հենց այդ հարցն էլ տալու են։ Թե ինչպե՞ս է այսօր հմագործակցում Արցախը դավաճանած, Հայաստանին պարտություն բերած քաղաքական ուժի հետ, հատկապես այս հարցը վերաբերում է իրեն, քանի որ, ի տարբերություն Հայաստանի շարքային այլ քաղաքացիների, նա հայկական բանակի հիմնադրի եղբայրն է, իսկ գործող իշխանություններն ամեն ինչ անում են այդ բանակը վարկաբեկելու, հայ սպային նսեմացնելու համար։
Սոնա Մելիքյան