Զրահապատ ասպետը, մրցակիցների կլանումն ու ճակատագրական երկու սխալները. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Այլ հայտնի գերմանական գարեջրի գործարանների համեմատ Holsten ապրանքանիշը համարվում է բավականին երիտասարդ։ Հոլսթեն գարեջրի գործարանը կառուցվել է 1879 թվականին Ալտոնա քաղաքում, որն այսօր Համբուրգի մաս է կազմում։ Գարեջրի անվանումը ծագել է Շլեզվիգ-Հոլշթայն նահանգի անվանումից, որը նախկինում ներառում էր Ալտոնա քաղաքը։ Իր հերթին, այդ անվանումը գալիս է 1500 տարի առաջ այդ տարածքներում ապրած գերմանական ցեղերից մեկի անունից։ Այն հնչում էր որպես Հոլցատեն, այսինքն՝ անտառի բնակիչներ։ Զրահապատ ասպետը, որն այսօր կարելի է տեսնել Հոլսթենի յուրաքանչյուր շշի վրա, հենց սկզբից է դարձել այդ գարեջրի գործարանի խորհրդանիշը։
Գարեջրի գործարանն իր ստեղծման օրվանից լավ է աշխատել: Իր գոյության առաջին 25 տարում ընկերությունը դարձել է տարածաշրջանի ամենահաջողակ գարեջրի ապրանքանիշը, իսկ արդեն 1881 թվականին, այսինքն՝ հիմնադրումից ընդամենը 3 տարի անց, Հոլսթեն գարեջուրը սկսել է արտահանվել։ 1903 թվականին Լոնդոնում հիմնվել է ընկերության մասնաճյուղը, որն սկսել է ապրանքանիշը առաջ մղել համաշխարհային շուկայում։ Պետք է ասել, որ Հոլսթենի հիմնական ռազմավարությունը միշտ էլ եղել է մրցակիցների կլանումը։ Կարելի է առանձնացնել դրա երկու հիմնական ժամանակաշրջան՝ մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը և դրանից հետո։ 1909 թվականին տեղի է ունեցել առաջին կարևոր կլանումը. գնվել է A. Janssen Wwe գարեջրի գործարանը: Հինգ տարի անց գնվել է Bergedorf ապրանքանիշի տակ գտնվող գարեջրի գործարանների մի ամբողջ ցանց: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո գերմանական տնտեսությունը գտնվում էր «զրոյական» մակարդակում, սակայն դա չի խանգարել Հոլսթեն ընկերությանը շարունակել գարեջրի գործարաններ գնել: 1918-1924 թվականներին գերմանական գարեջրագործական վեց ընկերություն է կլանվել այս կոնցեռնի կողմից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Հոլսթենը դարձել էր գարեջրագործության խոշորագույն կոնցեռնը՝ իր հիմնական գործարաններով Համբուրգում, Նոյմունստրում և Քիլում: Պատերազմից հետո այդ երեք գործարաններն էլ ամբողջությամբ ավերված էին, բայց դա չի նշանակել ընկերության վերջ։ Օգտագործելով ամենաժամանակակից տեխնոլոգիաները՝ գործարանները վերակառուցվել են բավականին արագ։ Արդեն 1952 թվականին սկսվել է գարեջրի արտադրությունը մեծ տարաներով, իսկ 1954 թվականին ընկերությունը վերադարձել է իր նախկին ձևերին, և սկսվել են մի շարք նոր ձեռքբերումներ, որոնք տևել են մինչև 90-ականները։ 1957 թվականին վերականգնվել է Լոնդոնի մասնաճյուղը, և Հոլսթենը կրկին մտել է համաշխարհային շուկա։
1975 թվականին նա դարձել է Գերմանիայի գարեջրի առաջատար արտադրողներից մեկը, իսկ 1980-ականներին ամենահայտնի պրեմիում փաթեթավորված գարեջուրը: Ընկերության խնդիրները սկսվել են 90-ականների վերջին, երբ ղեկավարությունը երկու մեծ սխալ է թույլ տվել: Նախ՝ մեծ թվով ուժեղ և հայտնի բրենդներ են մրցակցություն ստեղծել կոնցեռնի ներսում: Երկրորդ հերթին՝ չլսելով փորձագետների առաջարկությունները՝ Հոլսթենը շեշտը դրել է մեկանգամյա օգտագործման փաթեթավորմամբ գարեջրի արտադրության վրա, թեև հայտնի էր, որ շուտով ուժի մեջ է մտնելու օրենք, որը լրացուցիչ վճարներ է սահմանելու այդ տեսակի տարաների համար։ Արդյունքում, 2004 թվականին Հոլսթենը դարձել է Carlsberg կոնցեռնի դուստր ձեռնարկություն, որն արագորեն ազատվել է Հոլսթենի այլ անհարկի ապրանքանիշերից և ապավինել բացառապես զրահապատ ասպետին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում