Shtigen Group-ը՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի տարածաշրջանային երկխոսության մասնակից
SocietyԿանաչ կլիմայի հիմնադրամի կազմակերպած Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ տարածաշրջանային երկխոսությունը, որին մասնակցում էր նաև Shtigen Group-ը, ամփոփվեց՝ սահմանելով նոր նշաձողեր «կանաչ» ներդրումների և նոր գործընկերների հետ աշխատելու ուղղությամբ։
Ընկերությունների խմբի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը Սկոպյեում անցկացվող ֆորումի շրջանակում շահագրգիռ կողմերի հետ քննարկել է համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունն ու մեխանիզմները։
Այս միջոցառումը 2 հիմնական նպատակ ունի՝ մասնակիցներին ծանոթացնել հիմնադրամի նոր ռազմավարությունների և ֆինանսավորման գործիքների հետ, ինչպես նաև ներկաներից լսել, թե ինչ ծրագրերով և ինչպես են նրանք պլանավորում համագործակցել Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ՝ վստահ լինելով, որ երկխոսությունը կնպաստի կլիմայի փոփոխության ազգային և տարածաշրջանային գերակայությունների իրականացմանը։
Հայկ Շեկյանի խոսքով՝ նման երկխոսությունները, տարբեր երկրների ներկայացուցիչների հետ փորձի ու գիտելիքի փոխանակման հարթակ լինելուց բացի, ռազմավարական նոր գործիքների հետ ծանոթանալու հնարավորություն են։ «Սա երկխոսություն է, որի նպատակն անդրսահմանային համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելն է։ Վերջին տարիներին մեր ընկերությունը նկատելիորեն ընդլայնել է գործունեության շրջանակը՝ մեկ ընկերությունից վերածվելով ընկերությունների խմբի, ինչի արդյունքում մասնակցությունը նման ֆորումներին դարձել է առավել հասցեական և հեռանկարային։ Այս անգամ, մասնավորապես, ներկայացնում էինք Shtigen Ventures-ը՝ գործընկերներ փնտրելու ակնկալիքով»,-ասում է Հայկ Շեկյանը։
Միջոցառումը, բացի Կանաչ կլիմայի հիմնադրամի պատասխանատուներից, համախմբել էր տարբեր երկրների ազգային լիազորված մարմիններին (շահագրգիռ կամ պատասխանատու նախարարություններ), ազգային և միջազգային հավատարմագրված կազմակերպություններին և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, որոնք Կանաչ կլիմայի հիմնադրամի հետ համագործակցային ճանապարհ են անցել կամ էլ պատրաստվում են նոր հարթել այդ ճանապարհը։