Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան
PoliticsՀայաստանի գործող իշխանությունները շարունակում են իրենց հակառուսական քաղաքականությունը և յուրաքանչյուր առիթ օգտագործում այդ մասին բարձրաձայնելու։
Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը չի միացել Մոսկվայի «Կրոկուս Սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ ՀԱՊԿ ԽՎ հայտարարությանը։
Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղարը տեղեկությունը հաստատել է, նշել, որ հայտարարությանը միանալու առաջարկ հայկական կողմին եղել է, սակայն Հայաստանը մերժել է առաջարկը, քանի որ սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ երեկ ճեպազրույց է տվել լրագրողներին, հայտարարել, որ ռուս սահմանապահների դուրս գալը «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանի համար որոշված թեմա է, այլևս քննարկելու ոչինչ չունեն ռուսական կողմի հետ։
Գործող իշխանությունները Ռուսաստանին ծանուցել են, որ արդեն օգոստոսի 1-ից միայն հայ սահմանապահներն են ծառայություն իրականացնելու օդանավակայանում։
Ալեն Սիմոնյանը երեկ նաև թիրախավորել է Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմակայանը։
«Հիմա տարբեր բաներ են խոսում, ասում են, բա Թուրքիայի սահմանը ո՞վ է պահելու։ Ես շատ խիստ կասկածում եմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի վրա հարձակվել, ռուս սահամանապահները կարողանալու են, կամ գործելու են, պաշտպանելու են»,- ասել է Սիմոնյանը՝ կասկած հայտնելով մի կառույցի գործունեության նկատմամբ, որն առնվազն երեք տասնամյակ պաշտպանում է Հայաստանի արևմտյան սահմանները։
Բնավ ոչ պատահականորեն Հայաստանի հայտնի սորոսական կառույցներից մեկը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, տեղեկություններ է տարածել՝ իբր քաղաքական հետապնդումներից փախած և Հայաստանում ապաստանած Ռուսաստանի քաղաքացիներին հետապնդում են հայկական համարներով մեքենաներ, որտեղ ռուսական համազգեստներով անձինք են։ ՀՔԱՎ-ը կոչ է արել դատախազությանը հայտնաբերել այդ մեքենաները և համապատասխան քրեական պատասխանատվության ենթարկել։
Իհարկե, իրավապահները որևէ նման անձի չեն կարող գտնել, սակայն նման հայտարարություններով, արևմտյան ֆինանսավորմամբ կառույցները, փորձում են կրկին հայ հասարակության մեջ ատելություն խորացնել ռուսական ռազմակայանի նկատմամբ, որը տասնամյակներ շարունակ լուրջ աշխատանք է տարել։ Գաղտնիք չէ, որ գործող իշխանությունների նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է, և այդ ճանապարհին ռուսական ռազմակայանն իսկապես նրանց թիրախում է գտնվում, առանց հասկանալու, որ ռուսական ռազմակայանի հեռանալու դեպքում ծանր իրավիճակ է ստեղծվելու Հայաստանի Հանրապետության համար։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ Հայաստանում այժմ միայն մեկ իրական գործոն է մնացել, որի հետ հաշվի են նստում բոլոր երկրները, դա ռուսական ռազմակայանն է։ «Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա այստեղից Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին», - նշել էր Կարապետյանը, նաև ընդգծել, որ 102-րդ ռազմաբազան պահում է հայ–թուրքական սահմանը։
Խոսելով շրջանառվող տեղեկությունների մասին, որ 102-րդ ռազմաբազան կարող է դուրս գրվել Հայաստանից, Արշակ Կարապետյանը նշել էր, որ նրանց հետ միաժամանակ դուրս կգան նաև հայ–թուրքական սահամանը պահող սահմանապահները, որովհետև այդ կառույցն առանց օպերատիվ ապահովման չի կարող մնալ և ռազմակայանի դուրս գալու դեպքում արդեն ռեալ վտանգ է գալու Թուրքիայի կողմից։